«Իրատեսի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ նախագահը միշտ է խիստ խոսել ՏԻՄ ներկայացուցիչների հետ, սա առաջին դեպքը չէ:
-ՏԻՄ-երի կարևորությունը հիշվում է այն ժամանակ, երբ ընտրությունները մոտենում են, քանի որ նրանք ընդամենը ՀՀԿ-ին ձայն ապահովող գործիքներ են: Գուցե դրա՞ համար է նրանց ամեն ինչ ներվել:
-Ինչ վերաբերում է ընտրություններին, հաճախ են ասում, թե միայն ՀՀԿ-ականներն են ընտրվում, ցույց տվեք մի քաղաքական ուժ, որը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և որոշակի տոկոսով չի ընտրվել: Նույնիսկ «Ելքը» մասնակցեց և «Նոր կյանք» համայնքում ունեցավ իր համայնքի ղեկավարը: Իրենք չեն մասնակցում, հետո սկսում են դժգոհել, թե հաղթում են միայն ՀՀԿ-ականները:
-Այսպես թե այնպես, համայնքապետերի ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է, ու Սերժ Սարգսյանի ելույթն էլ ստացվում է ինքնաքննադատության պես մի բան՝ սեփական համայնքապետերին ուղղված կշտամբանք:
-Այո, հանրապետության նախագահը միշտ էլ ավելի խստապահանջ է հանրապետականների նկատմամբ, լինեն համայնքների ղեկավարներ, մարզպետներ, նախարարներ, թե գերատեսչությունների ղեկավարներ: Առաջին հերթին ՀՀԿ-ն պետք է զգոն լինի: Հիշեք մեր կուսակցության համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, ավելի խիստ ելույթ երբևէ չի եղել: Սա նշանակում է, որ նա ավելի շատ պահանջում է ՀՀԿ-ից, քան մյուս քաղաքական ուժերից:
-Քաղաքագետները կարծում են, թե սա նախընտրական ելույթ էր: Համամի՞տ եք:
-Ոչ, այդպես չէ: Նախ՝ ապրիլին մենք ընտրություն չունենք:
-Ամենամեծ «ընտրություն-երկընտրանքն» է լինելու` կմնա՞ Սերժ Սարգսյանը որպես պետության գլուխ, իմա` վարչապետ, թե՞ ոչ:
-Ես էլ Ձեզ եմ հարցով դիմում` իսկ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա` ո՞վ:
-Բոլոր ՀՀԿ-ականները նույն կերպ են հարցին պատասխանում, այսինքն, արդեն համաձայնություն կա՞ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հարցում:
-Ես իմ կարծիքն եմ միայն հայտնում: Կգա ժամանակը, և բոլոր հանրապետականները կուսակցության նախագահին կխնդրեն, որ շարունակի երկրի ղեկավարումը, որովհետև այսօր լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, իսկ Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը թույլ է տալիս նրան շարունակել երկրի ղեկավարումը: «Կամ-կամ»-ին նախագահը միշտ դեմ էր, իսկ «և-և»-ի արդյունքը բոլորս տեսանք:
-Եթե Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն տեսնում է վարչապետի պաշտոնում, սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանի աշխատանքից կուսակցությունը դժգո՞հ է:
-Ոչ, այդպես չէ: Կարեն Կարապետյանը հզոր կառավարիչ է, մեր կուսակցության երկրորդ դեմքը: Կարևոր չէ, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, կարևորը, թե որքան արդյունավետ կարող ես աշխատել: Վարչապետի մեկ տարվա աշխատանքը թույլ է տալիս ասել, որ այն բավական արդյունավետ էր:
-Ասել է` նրան ևս տեսնում եք կառավարման վերին օղակում:
-Այո, տեսնում ենք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում