«Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում դիտարկմանն ի պատասխան, թե Կարեն Կարապետյանը մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ժամանակը դեռ չի եկել։ Երբ կգա, կհայտարարեմ։ Մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ մեզ համար շատ ընդունելի անձնավորություն է։ Պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Ես փնտրողներին նկատի ունեմ։ Կգա ժամանակը, կհայտարարենք մեր որոշումների մասին»։
Հարցազրույցը վարող Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, թե «Նման չեք պաշտոնյայի, որը եզրափակում է իր կարիերան», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է, պետք է մինչեւ վերջին պահը բարեխիղճ կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Ես պատրաստ պիտի լինեմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի»։
Մանրամասն՝ տեսանյութում