Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծ խնջույքի առակը

Դեկտեմբեր 15,2017 13:00

Կամ՝ թե ինչպես են մեր լուրջ
պատճառաբանությունները մեզ հեռացնում Աստծուց

Մի անգամ, երբ Տեր Հիսուսը հաց ուտելու էր հրավիրված, սեղանակիցներից մեկն ասաց. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայութեան մէջ»։ Տեր Հիսուսը բացատրեց, որ Աստուծո արքայության մեջ հավիտենական խնջույքին բոլորն են հրավիրված: Բայց մարդիկ են, որ տարբեր լուրջ պատճառներ բերելով, հրաժարվում են այդ հրավերից, որովհետեւ մարդիկ իրենց պատճառներն ավելի կարեւոր են համարում, քան Աստուծո հրավերը: Ու դա բարկացնում է Աստծուն (Ղկ. 14:21): Երբ մենք մեր կարեւորությունները թարս հերթականությամբ ենք շարում, դա բարկացնում է Աստծուն, որովհետեւ մարդը չի ուզում գնալ Աստուծո հետ ընթրելու, այլ նախընտրում է մնալ մենակ իր գործերի, հոգսերի ու չար սատանայի հետ:

Տեր Հիսուսը այս իմաստով Ղուկասի Ավետարանում մի առակ պատմեց, որտեղ նա սովորեցրեց, որ Աստուծո հրավերը մերժելը սեփական անձին մահացու վերք հասցնել է: Այդ առակը կոչվում է Մեծ խնջույքի առակ (Ղկ. 14:15-24) եւ նրա հիմնական պատմությունն այն է, որ մի պատվարժան մարդ մի առիթով մեծ խնջույք է կազմակերպում եւ հրավիրում շատերին: Մարդիկ հրավերը մերժում են տարբեր պատճառաբանություններով, որոնք ըստ իրենց ծանրակշիռ էին: Խնջույքի տերը բարկանում է, հրավիրում ուրիշ մարդկանց ու հայտարարում, որ նախկին հրավիրվածներից ոչ ոք իր ընթրիքից չի ճաշակի» (Ղկ 14:24):

Հիմա եկեք քննենք այն հանգամանքները, որոնց պատճառով նախկին հրավիրվածները մերժեցին խնջույքի հրավերը:

Առաջին մերժողն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ Մենք էլ ենք, չէ,՞ այսպես ասում: Երբ մեկին ասում ես, ինչու կիրակի օրը Պատարագի չես գալիս, որ ֆիզիկապես հաղորդվես Քրիստոսի հետ, ասում է՝ գործի եմ, պիտի աշխատեմ, ընտանիք եմ պահում: Հիմա ժամանակ չունեմ: Լուրջ պատճառ է թվում, մինչդեռ Աստված պատվիրել է, թե 6 օր աշխատի, եւ 7-րդ օրը սուրբ պահի, որ օրհնվես քո կյանքում:

Երկրորդ հրավիրվածն էլ լուրջ պատճառ ուներ: Նա ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ Այդ ժամանակ, ուրիշ քաղաքներից առեւտրականներ էին գալիս, անասուն էին բերում, որ հողագործների վրա վաճառեին: Դու պիտի տանեիր այդ եզներին նախ քո արտում փորձեիր, որ համոզվեիր՝ հիվա՞նդ են այդ եզները, թե՞ առողջ: Եթե այդ պահին չանեիր, վաճառականները գնալու էին ձեր քաղաքից ու հետո չէիր հասցնի: Բա որ եզը հիվանդ եղավ, էլ որտեղի՞ց գտնեիր վաճառականներին ու ապրանքդ հետ տայիր: Անհետաձգելի թվացող լուրջ պատճառ է, չէ՞:

Իսկ 3-րդ հրավիրվածն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ Սա էլ կարծես թե լուրջ պատճառ է: Մարդը նոր է ամուսնացել, մեղրամսի մեջ է: Այստեղ-այնտեղ գնալու ոչ ժամանակ ունի, ոչ էլ հավես: Ջահել կնոջ քաղցրությունն է ուզում վայելել:

Սիրելի բարեկամ, տեսնո՞ւմ ես: Մենք էլ մեր կյանքում այսպիսի լուրջ պատճառաբանություններ ենք բերում Աստուծո մոտ չգնալու համար, առանց հասկանալու, որ առանց Աստուծո մարդը չի կարող ապրել: Զգույշ եղիր, որ չխաբվես: Եթե դու քո կյանքում Աստուծո հրավերն ավելի բարձր չդասես, քան քո հոգսերը, հույզերն ու ցանկությունները, ապա երբեք չես արժանանա նրա հետ մշտապես խնջույքի մասնակցելու պատվին: Կա՞ ավելի բարձր բան մարդու համար, քան սեղան նստել Աստուծո հետ, որ մեր իրական Հայրն է երկնքում:

Այնպես անենք, որ չխաբվենք, որ մեր կյանքում այս հերթականությունը ճիշտ լինի: Եթե ուշադիր նայեք այդ առակին, կտեսնեք, որ այդ մարդիկ, ովքեր հրաժարվեցին հրավերից, ունեին իրապես լուրջ ու ծանրակշիռ թվացող փաստարկներ: Բայց Տեր Հիսուսն ասում է, որ դուք էլ ձեր կյանքում լուրջ պատճառներ եք բերում Աստուծո մոտ չգալու համար, որպեսզի ապրեք ձեր ցանկություններով, ու դա չի ընդունվում: Որովհետեւ տանուտերը բարկացավ առակի մեջ ու ասաց, որ նախկին հրավիրվածներն արժանի չէին իր հետ սեղան նստելու:
Այս առակը մեծ դաս է այս կյանքում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Աստուծո եւ մեր հոգսերի հերթականությունը պետք է ճիշտ կարեւորությամբ լինի: Մենք Աստծուն թողած՝ վազում ենք մեր հոգսերի ու ցանկությունների ետեւից, աշխատում 7 օր, որպեսզի մի բան հասցնենք, մի տեղ հասնենք, մի շոր ավել հագնենք, մի կտոր ավելի ուտենք: Ու ոչ մի բանի չենք հասնում: Այստեղ շատ տեղին է հիշել Տեր Հիսուսի այն խոսքերը, թե՝ «ախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտա» (Մտ 6:33):

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

14.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031