Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում…

Դեկտեմբեր 15,2017 12:30

Անօրեն թուրքն է տիրել մեր երկրին,
Ի՛նչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջա՛ն, չտխրե՛ս, շատ չմտածե՛ս,
Գնում ենք կռիվ՝ ախպերս ու ես…

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանի հետ պատահաբար եմ ծանոթացել: Վերջերս բարեկամս՝ ռազմահայրենասիրական երգերի ճանաչված երգիչ Նշան Ջաղացպանյանն ինձ եւ կոմպոզիտոր, ռեժիսոր ու հեռուստալրագրող Սարքի Մուրադյանին հրավիրել էր համերգի, որը պետք է տեղի ունենար Կալիֆոռնիա նահանգի՝ Գլենդել քաղաքի՝ Երիցականների եկեղեցում (Presbyterian Church): Թող ընթերցողին զարմանալի չթվա, որ համերգը տեղի էր ունենալու եկեղեցում, քանի որ ԱՄՆ-ն կապիտալիստական երկիր է եւ, հետեւաբար, փող աշխատելու բոլոր միջոցներն էլ անվայել չեն: Բայց եւ այնպես, փա՛ռք Աստծո, որ հայերը վարձով չեն տալիս իրենց եկեղեցիները՝ համերգներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելու համար:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան օպերային երգիչ եւ դերասան Ռազմիկ Մանսուրյանը, օպերային երգչուհի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի նախկին մենակատար Անահիտ Ներսիսյանը, օպերային երգչուհի Սոսի Ավագյան/Մարտիրոսյանը, ինքնուս երգիչ Արա Շահբազյանը եւ շատ ուրիշներ, ասմունքողներ, ինչպես նաեւ «Արարատ» եւ «Ադանա» պարախմբերը: Բոլոր ելույթները տպավորիչ էին, բայց ամենահուզիչն «Ախպերս ու ես» (խոսքը եւ երաժշտությունը՝ գուսան Տոտիկի (Աշոտ Բեգոյան) երգն էր, որը հրաշալի վարպետությամբ կատարեց երիտասարդ, շնորհալի երգիչ Ա. Շահբազյանը:

Խավար գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում,
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես:

Երգը երկարատեւ ծափահարություններով ընդունվեց երախտագետ հանդիսատեսի կողմից: Այնուհետեւ հանդիսավարները մի հուզիչ անակնկալ մատուցեցին հանդիսատեսին՝ հաղորդելով, որ մեզ հետ եկեղեցում է գտնվում Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկը՝ 21-ամյա Արման Ավետիսյանը եւ բեմ հրավիրեցին նրան: Դահլիճը հոտնկայս, խլացուցիչ ծափերով դիմավորեց քաջարի զինվորին: Նրա հետ մեկտեղ բեմ բարձրացան նաեւ «Պատիվ» ռազմահայրենասիրական ԱՄՆ ՀԿ-ի մարտիկները հայոց բանակի զինվորական համազգեստներով եւ ՀՀ պետական դրոշներով՝ իրենց նախագահի՝ Ստեփան Գումրիկյանի հետ: Նրանք հերթով գրկախառնվեցին հերոսի հետ եւ պատվո պահակ կանգնեցին Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ-ի պետական դրոշների կողքին, մինչ նա ողջույնի մի քանի խոսքերով դիմեց ներկաներին:
Հաջորդ օրը, ինչպես պայմանավորվել էինք, հանդիպեցի Ա. Ավետիսյանին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի՝ քաղաքապետարանի բարեկարգ բակում, որպեսզի հարցազրույց վարեմ նրա հետ, նաեւ տեսագրեցի մեր հանդիպումը, որը նախատեսված էր 10-12 րոպեի համար: Սակայն մեր հերոսն այնքան բան ուներ ասելու, որ այն տեւեց 35 րոպե 31 վրկ, քանի որ մենք պարզապես զրուցեցինք մեզ շատ հուզող հարցերի շուրջ… Չմոռանամ ասել, որ հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, Արցախում եւ թե՛ արտերկրում Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին հերոսներ է անվանում, չնայած պաշտոնապես նրանք հերոսի կոչումներ չեն ստացել, եւ ես լիովին համոզված եմ, որ այդպես է մտածում նաեւ մեր փառապանծ բանակի հրամանատարական կազմը՝ ընդհուպ մինչեւ ՀՀ եւ Արցախի նախագահները… Պարզապես հնարավոր չէ բոլորին հերոսի կոչումներ շնորհել: Ա՛խր հերոսները շատ են…

…Թուրքը ներս սողաց լուսաբացին, ապրիլի 1-ի լույս 2-ի առավոտյան, երբ դեռ մութ էր եւ հույս ունեին, որ մեր հերոս զինվորները քնած կլինեին իրենց վստահված մարտական դիրքերում: Ավազակները սովորություն ունեն իրենց հանցագործությունները կատարելու մթության քողի տակ… Չնայած ավելի բազմաքանակ եւ ավելի լավ զինված լինելուն, միեւնույն է, պետք է գան սողեսող եւ մութ ժամանակ:

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարվածից երկինքն է դողում,
Ու թե պետք լինի՝ կզոհվենք այսպես,
Հանուն հայ ազգի՝ ախպերս ու ես:

Նրանք մինչեւ ատամները զինված էին, բայց միեւնույն է՝ վախենում էին, չէ՞ որ քաջ ծանոթ էին հայ մարտիկի բազկի ուժին, բացի այդ՝ ա՛խր որ օրվա կռվողն է ազերի բաշիբոզուկը… Նրանք ի սկզբանե ստեղծված են խեղճ, թույլ ու անօգնական ծերունիներին, երեխաներին ու կանանց կոտորելու, խոշտանգելու եւ թալանելու համար, այլ ոչ թե պատերազմելու: Նրանք չխորշեցին անգամ դիակներն անդամահատելուց ու գլխատելուց… Մի՞թե այդպես չեղավ Բաքվում, Սումգայիթում, Շահումյանում, Շուշիում…
Գիտեք չէ՞, որ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ամեն մի ԶԻՆՎՈՐ ունի իր պատմությունը: Զինվոր Արման Ավետիսյանն էլ ունի: Ահա՛, թե ինչ պատմեց նա. «Ծնվել եմ 1996թ.-ին Արարատի մարզի Արարատ գյուղում, նախկին Դավալու, սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղը: Ավարտելով այնտեղի միջնակարգ դպրոցը, ընդունվել եմ Հայաստանի պետական ագրարային համալսարան: Մոտ 6 ամիս սովորելուց հետո, զորակոչվեցի բանակ 2016թ. հունվարի 26-ին: Ծառայության մեկնեցի Արցախ… Մեր մարտական հենակետը գտնվում էր ռազմաճակատի հարավային գծի ամենաթեժ մասերից մեկում: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի առավոտյան, մոտավորապես ժամը 4:30-ին, երբ դեռ լույսը չէր բացվել, զգացինք, որ հակառակորդի շարժ կա մոտերքում… Մեր հրմանատարը՝ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, գնաց առաջնային գիծ, որպեսզի պարզի, թե ի՞նչ է այնտեղ կատարվում եւ անմիջապես էլ վիրավորվեց: Ես դուրս եկա հրամանատարի ետեւից, որպեսզի նրան ետ բերեմ: Արդեն հասնում էինք մեր դիրքերին, երբ հակառակորդի նետած նռնակից վիրավորվեցի նաեւ ես, իսկ հրամանատարը զոհվեց…

Է՛լ ետ դարձ չկա, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տո՛ւր մեզ ու մի՛ լար մայրիկ,
Թե մի օր կտրիճ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիներն են՝ ախպերս ու ես:

Խլացուցիչ պայթյունի պատճառով ես նույնիսկ չէի զգացել, որ կորցրել եմ ձախ ոտքիս ոտնաթաթը: Ականջներս գվվում էին պայթյունից հետո: Մեր զինվորներն օգնության հասան եւ երկուսիս էլ, ետ բերելով, ուղարկեցին թիկունք: Ավելի ուշ իմացա, որ մեր մարտական դիրքում գտնվող զինվորները, ի՛մ ընկերները, ի՛մ եղբայրները՝ Գրիշան, Ազատը, Նորիկը, Արման Անդրեասյանը, Ադամը, Արթուր Գրիգորյանը զոհվել էին… Կներեք, այս պահին բոլորի ազգանունները չեմ կարողանում հիշել… Բոլորն էլ երիտասարդ էին, 18-19 տարեկան, իսկ լեյտենանտ Ա. Շահբազյանն ընդամենը 23 տարեկան էր: Սկզբում ինձ տարան Ջաբրայիլի հիվանդանոց, որտեղ առաջին բժշկական օգնություն ստացա: Շատ արյուն էի կորցրել, այդ պատճառով էլ ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ: Այնտեղ ինձ արյուն ներարկեցին, անդամահատեցին ձախ ոտքիս թաթը, ոտնակոճս ու մի քիչ էլ վերեւ, մոտ 15-20 սմ, որպեսզի գանգրենա չսկսվի եւ ապրիլի 3-ին տեղափոխեցին Երեւանի զինվորական հոսպիտալներից մեկը, քանի որ կրկնակի էի վիրավորվել. երկրորդ անգամ գնդակը մխրճվել էր ծնկիցս վերեւ գտնվող հատվածում, բայց բարեբախտաբար, փափուկ հյուսվածքում: Ինձ վիրահատեցին: Վիրահատությունը տեւեց մոտ 1.5 ժամ: Վերքից հանեցին փամփուշտը: Առաջին օրերին շատ հուսահատված ու ընկճված էի: Սակայն, հետզհետե, սկսեցի հասկանալ, որ կարծես երկրորդ անգամ եմ ծնվել: Սկսեցի սիրել եւ գնահատել կյանքը: Մեր մարտական հենակետի 8 հոգանոց ջոկատից միայն ես էի կենդանի մնացել… Մոտ 17 ամիս ծառայելուց հետո ապրիլի 2-ին ինձ զորացրել էին: Բուժման նպատակով եղել եմ Բելգիայում, հրավեր ստացա մի բարերար կին գործարարից, եղել եմ նաեւ ԱՄՆ-ում, որպես Կալիֆոռնիայի հայկական «Բարեւ» հեռուստածրագրի հյուրը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորված մարտիկներին նվիրված դրամահավաքի միջոցառմանը մասնակցելու համար՝ Նունե Ավետիսյանի գլխավորությամբ եւ հովանավորությամբ: Ոտքս պրոտեզավորել են, եւ ես ինձ գրեթե լիարժեք մարդ եմ զգում, քանի որ քայլելիս համարյա դժվարություն չունեմ:

Այժմ մորս հետ Կալիֆոռնիայում հյուրընկալվել եմ մորաքրոջս տանը: Կվերադառնանք հայրենիք 2018 թ. հունվարի վերջին»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանի հարցազրույցի տեսագրությունը տեղադրված է YouTube-ում՝ https://www.youtube.com /watch?v=M15FGACeooY&t=24s

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Արձակագիր, ԱՄՆ ՀԳՄ
ժուռնալիստների
խմբակցության փոխնախագահ

«Առավոտ»

14.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031