Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՍՈՒՔ

Դեկտեմբեր 15,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնհինգերորդ

ԱՐՏԱՍՈՒՔ

Շատերը  Ժորա Հարությունյանին հիմնականում իբրեւ բժիշկ գիտեին, որովհետեւ, նախքան Գրողների միության գրական ֆոնդի տնօրեն դառնալը, ճանաչված դրամատուրգ ու կինոդրամատուրգ Ժորա Հարությունյանը Գրողների միության պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն էր. ինքը, փաստորեն, մասնագիտությամբ բժիշկ էր, եւ շատերի ասելով՝ բարձրակարգ բժիշկ, եւ ենթադրում եմ, որ իր գրական ու գրողական հակումներից ելնելով էր Գրողների միության պոլիկլինիկան իբրեւ աշխատավայր ընտրել ու նախընտրել, եւ չնայած մի քանի անգամ ասացի ու կրկնեցի, որ ինքն իբրեւ դրամատուրգ ու կինոդրամատուրգ անվանի ու ճանաչված չէր, էս մի անգամ ինքս իրեն համարեցի ճանաչված դրամատուրգ ու կինոդրամատուրգ, եւ էս գնահատականիս համար միանգամայն պատասխանատու եմ, որովհետեւ  եթե մեկի ստեղծագործություններն ու ստեղծագործությունների հերոսները ժողովրդի կողմից լավագույնս են ճանաչված, էդ ստեղծագործությունների հեղինակին միանգամայն հանգիստ խղճով կարող ես ճանաչված համարել՝ անկախ էն հանգամանքից, որ ինքը, ի տարբերություն իր ստեղծագործությունների ու դրանց հերոսների, հանրահայտ ու ճանաչված չի, եւ մինչ էս դատողություններս էի անում, Պետրոսի ու Մանարյանի  զրույցն ավարտվեց, ու էդ ամբողջ ընթացքում մի ականջս իրենց զրույցին էր, եւ երբ Պետրոսը նաեւ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մասին իրեն հարց տվեց, Մանարյանը, ճիշտ է, էդ ֆիլմի հետ կապված մի քանի հետաքրքիր դրվագներ հիշեց, բայց Ժորա Հարությունյանին չհիշեց, եւ դա որոշ չափով բնական էլ էր, որովհետեւ Ժորա Հարությունյանին հիմա հազարից մեկն է հիշում, մինչդեռ իր հեղինակած «Հարսնացուն հյուսիսիցը», «Ոսկե ցլիկը», «01-99»-ը, «Շրթներկ N 4»-ը եւ նույնիսկ վաղուց անցյալ դառած «Ղազարն» ու «Սրտի արատը» շատերս ենք հիշում, եւ անձամբ Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանին իմ էս հիշելն էլ էր զուտ պատահականություն՝ կապված իր «Սրտի արատի» հետ, ավելի ճիշտ՝ Ֆրունզիկի կողմից «Սրտի արատին» մեր հրավիրվելու հետ, եւ վերադառնալով անցյալ դարի վաթսունմեկ թվականի ամռան էդ առաջին օրվան՝ պիտի երանությամբ հիշելով ասեմ, որ էդ իրիկուն մենք լիասիրտ ըմբոշխնեցինք Ֆրունզիկի տաղանդի էդ հերթական փայլատակումը, եւ երանությամբ էդ օրը հիշելով՝ արդեն պիտի պնդեմ, որ դա անցյալ դարի վաթսունմեկ թվականն էր, ու էդ աշուն Հրաչյա Ներսիսյանը լքեց մեզ ու ողջ հայ ժողովրդին, եւ մենք վարպետին ճանապարհողների շարքերում էինք, եւ մենք ասելով՝ հորս, Վոլոդյային, Ֆելոյին ու ինձ նկատի ունեմ, ինչպես նաեւ Ֆրունզիկին, ով, հիշում եմ, կրկեսի մոտ մոտեցավ մեզ ու մեկ առ մեկ ձեռքով բարեւեց, ու էդ օրն առաջին անգամ Ֆրունզիկի աչքերին արտասուք տեսա, եւ երկրորդ անգամ իր աչքերին արտասուք տեսա ութսունութի ահավոր երկրաշարժի օրը Գյումրիում, ավելի ստույգ՝ Գյումրիինը հեկեկոց էր, եւ Ֆրունզիկի էդ հեկեկոցի վկաներից Թուխիկյան Լեւոնն էլ պակաս չէր հեկեկում, եւ մյուս վկաները՝ Միլիտոնյան Էդոն ու երգիչ Դարբինյան Էդոն էլ էս ասածս կհաստատեն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031