Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնությունը Հայաստանում. կպաշտպանի՞ նոր օրենքը դրա զոհերին. BBC

Դեկտեմբեր 14,2017 23:03

Հայաստանի Ազգային ժողովը հասարակության պահպանողական հատվածի բուռն բողոքների և վեճերի ֆոնին հավանություն տվեց ընտանեկան բռնության մասին օրինագծին, BBC-ի կայքում գրում է լրագրող Նինա Ախմեթելին:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է երկրորդ և վերջին ընթերցմամբ՝ 75 կողմ և 12 դեմ ձայնով:

Իրավապաշտպանները և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն առաջին տարին չէ, որ հանդես են գալիս Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու օգտին, սակայն նախորդ տարիներին այդ փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Սակայն մի քանի ամիս առաջ հանրային քննարկումների ներկայացված նախաձեռնությունն էլ ուներ մեծ թվով ընդդիմախոսներ, որոնք օրինագծի կողմնակիցներին մեղադրում էին հայկական ընտանիքը և ավանդույթները կործանելու փորձերի մեջ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» միավորման տվյալներով՝ 2010թ.-ից Հայաստանում առնվազն 50 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով:

Հայաստանում կանանց 60 տոկոսը, համաձայն ԵԱՀԿ-ի կողմից 2011թ. անցկացված հետազոտության, դարձել է ընտանեկան բռնության մեկ կամ մի քանի ձևերի զոհ:

Այսբերգի գագաթը

«Այդ օրինագծի ընդունումը կարևոր քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում: Ես կարծում եմ՝ դա կօգնի նրանց, ովքեր այսօր ստորացումների և ծեծի են ենթարկվում»,- ասում է 31-ամյա Հասմիկ Խաչատրյանը:

Նա ունի լայն ժպիտ և մուգ, ճառագայթող աչքեր: Նա աշխույժ պատմում է իր երեխաների, ապագայի ծրագրերի, աշխատանքի և ուսման մասին, որը շարունակել է երկար տարիների ընդմիջումից հետո:

Բայց նրա դեմքի արտահայտությունը փոխվում է, և ձայնը սկսում է դողալ, երբ խոսքը հասնում է նախկին ամուսնուն:

«Գիտեք, մեկ տարի առաջ մենք երեխաների հետ քայլում էինք փողոցով: Անձրև էր գալիս: Իմ աղջիկն ինձ ասաց. «Մազերիցդ նույն հոտն է գալիս, ինչպես որ այն գիշերը, երբ հայրիկը քեզ ծեծեց»: Այդ գիշերը, երբ նա ինձ ծեծեց, մտածում էի, որ չեմ ապրի մինչև առավոտ… Ես հիշում եմ, որ առավոտյան, երբ արթնացա հատակին, աղջիկս շոյում էր ինձ, և ես աչքերս բացում եմ ու զարմանում, որ դեռ ողջ եմ… Այդ ժամանակ նա վեց տարեկան էր»,- ասում է Հասմիկը՝ խոսքում երկար ընդմիջումներ տալով:

Հասմիկն այն քիչ կանանցից է, որ բացահայտ պատմում է նախկին ամուսնու կողմից ծեծի և ստորացումների մասին: Նա ստիպված է եղել դիմանալ դրան ընտանեկան կյանքի 10 տարիների ընթացքում:

Նրա պատմությունը և մեղքը չընդունող նախկին ամուսնու հետ երկարատև դատավարությունը հայտնվել են ԶԼՄ-ների էջերում: Տղամարդը մեղադրվում էր խոշտանգումների մեջ, բայց ավելի ուշ մեղադրանքը փոխվեց և որակվեց որպես դիտավորյալ բռնություն՝ առողջությանը հասցված թեթև վնասվածքներով: Արդյունքում նա դատարանի դահլիճում համաներմամբ ազատ արձակվեց:

Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2017թ. առաջին կեսին քննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ:

Դրանց մեծ մասը՝ 127-ը, վերաբերում են ծեծին, 11-ը՝ մինչև 16 տարեկանների նկատմամբ սեռական բնույթի բռնությանը, 6-ը՝ դիտավորյալ կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելուն, 5-ը՝ սպանությանը:

Իրավապաշտպանների խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունը կարող է լինել միայն սառցաբեկորի գագաթը, քանի որ հաճախ հայկական ընտանիքներում բռնության դեպքերի մասին իմանում են միայն այն բանից հետո, երբ պատմությունները հայտնվում են քրեական քրոնիկոնում:

Թաքնված բռնություն

Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ այն կօգնի ոչ միայն կանխել բռնությունն ընտանիքում, այլև կդրդի տուժածներին ավելի հաճախ հայտնել նման դեպքերի մասին:

Այժմ ընտանեկան բռնության դեպքերում կիրառվում է միայն քրեական հետապնդում և պատժամիջոցներ, և շատ տուժածներ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ չցանկանալով բռնություն գործադրողին բանտ ուղարկել, ասում է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որն օրինագծի հեղինակներից մեկն է:

«Միայն քրեական հետապնդման գործիքի առկայությունը նպաստում է, որ այդ տիպի հանցագործություններն առավելապես ծածուկ մնան,- ասում է Քոչարյանը:- Բայց անգամ, եթե քրեական գործ հարուցվի, բայց չկիրառվի խափանման միջոց՝ կալանքի տեսքով, դա ոչ մի կերպ չի պաշտպանի տուժածին, որը մնում է էլ ավելի վատ իրավիճակում: Հետևաբար, հարկավոր են այլ մեխանիզմներ, որոնք նախատեսված են այս օրինագծով»:

Նրա խոսքով՝ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները կկարողանան տեղում կիրառել «անհետաձգելի որոշում» այն դեպքում, եթե վտանգ կա, որ ընտանիքում կարող է կրկնվել կյանքին և առողջությանը սպառնացող բռնություն:

Նման որոշում կարող են կայացնել միայն ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները, նշում է նա:

«Որոշումը կարող է նախատեսել միանգամից մի քանի միջոցառում: Օրինակ, ընտանեկան բռնություն կիրառած անձին կարող են կարգադրել լքել տուժածի բնակության վայրը և 20 օր այնտեղ չվերադառնալ, կապի մեջ չմտնել ընտանեկան բռնության զոհի հետ կամ մինչև որոշակի հեռավորություն չմոտենալ նրան»,- ասում է Քոչարյանը BBC-ին:

20 օրը նման որոշման առավելագույն ժամկետն է: Նմանատիպ միջոցառումներ, բայց երկարաձգելու հնարավորությամբ, նրա խոսքով, նախատեսվում է պաշտպանության օրդերով, որը կտրամադրի դատարանը տուժածի հայտարարության հիման վրա:

Ոչ կառավարական կազմակերպությունների՝ գոյություն ունեցող ապաստարանները կշարունակեն աշխատել պետության աջակցությամբ, ասում է Քոչարյանը: Բայց օրինագիծը նաև նախատեսում է անհրաժեշտության դեպքում հենց պետության կողմից բացել ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններ:

«Քաղաքացիական պատերազմ»

Ընտանեկան բռնության մասին նոր օրենքի մշակումը նախատեսված էր դեռ 2014թ. կառավարության օրոք:

Բայց նախագծի ի հայտ գալն առաջ բերեց բուռն քննարկումներ Հայաստանում՝ հասարակությունը բաժանելով երկու ճամբարների:

Օրինագծի կողմնակիցներն ասում էին, որ անհրաժեշտ է ընդունել այն՝ կանանց նկատմամբ բռնությունների աղմկոտ և ողբերգական դեպքերի ֆոնին:

Ընդդիմախոսները պնդում էին, որ օրինագիծը Հայաստանի վզին է փաթաթվել Արևմուտքի կողմից և սպառնալիք է հայ ընտանիքների համար: Ոմանք էլ պնդում էին, որ այն կարող է հանգեցնել նրան, որ երեխաներին խլեն ընտանիքից:

Օրինագծի ընդունման ամենամոլի ընդդիմախոսներից էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանն օրինագիծն անվանում էր «շանտաժի գործիք», որի քարոզչության ետևում, նրա խոսքով կանգնած են Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները:

«Օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- այսպես է նա մեկնաբանել հանրային քննարկման ներկայացված օրինագիծը՝ ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի:

Օրինագծում խնդիրներ էին տեսնում նաև որոշ իրավաբաններ, այդ թվում Փաստաբանների պալատի ներկայացուցիչները: Նրանք մտավախություններ ունեին, որ ոստիկաններին լրացուցիչ լիազորություններով օժտելը կարող է հանգեցնել չարաշահումների և մարդկանց անձնական տարածություն ներխուժելու:

«Որոշ առումով մենք սպասում էին (նման արձագանք-խմբ.), բայց չէինք սպասում նման ծավալի ապատեղեկատվություն, սխալ մեկնաբանություններ, երբեմն հարցի անհեթեթ ձևակերպում, որոնք որևէ ընդհանուր բան չունեն օրինագծի բովանդակության հետ», – ասում է Քոչարյանը՝ մեկնաբանելով բուռն քննարկումները:

Նրա խոսքով՝ ընդդիմախոսների հայտարարություններն այն մասին, որ նման օրենքի ընդունման նպատակն է երեխաներին խլել ընտանիքներից, որևէ հիմք չունեն, քանի որ օրինագիծն ընդհանրապես չի նախատեսում այդ առումով նոր գործընթացներ:

«Ծնողական իրավունքից զրկելու մասին օրինագծում որևէ խոսք չկա: Օրինակ, նույն ապաստարանում երեխան կարող է հայտնվել մոր կամ հոր, այսինքն` օրինական ներկայացուցչի հետ: Առանձին կարգավորումներ, որոնք վերաբերում են միայն երեխաներին, այդ օրենքում չկա»,- ասում է նա:

Օրինագծի հեղինակները նաև հերքում են ընդդիմախոսների այն հայտարարությունները, որ այն Հայաստանում ընդունվում է Արևմուտքի ճնշման տակ:

Ոչ լիարժեք հաղթանակ

Բուռն հասարակական քննարկումներից հետո կառավարությունը հավանություն տվեց վիճելի օրինագծին, բայց դրանում կատարվեցին փոփոխություններ, և օրենքի անվանման մեջ ավելացավ «ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» արտահայտությունը:

Այս փոփոխությունն արդեն առաջ բերեց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դժգոհությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ փոփոխություններն աղավաղում են օրինագծի նախնական նշանակությունը և զգալիորեն նվազեցնում դրա արդյունավետությունը:

«Կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ օրինագծի ընդունումը կարևոր քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում:

Սակայն այդ օրենքը պետք է հստակ ուղերձ ունենա առ այն, որ պետությունը պաշտպանում է ընտանեկան բռնության զոհ դարձած յուրաքանչյուր մարդու: Օրենքի փոփոխությունից հետո, ըստ իրավապաշտպանի, շեշտադրվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք իրավական չեն:

«Ընտանիքում համերաշխություն վերականգնել եզրը, մեր կարծիքով, ընկալվում է շատ սուբյեկտիվ, դրանում իրավական հիմք չկա և սկզբունքորեն ընտանեկան բռնությունը կանխել հաշտության ճանապարհով՝ հնարավոր չէ»,- ասում է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ իրավական փաստաթղթերում չկա նաև «ավանդական արժեքներ» եզր, որոնց ամրապնդման մասին խոսվում է օրինագծում: Օրենքի կիրառման դեպքում այդ եզրը կարող է լայն կերպով մեկնաբանվել և օգտագործվել բռնի գործողություններն արդարացնելու համար, ասում է նա:

Իրավապաշտպանների դժգոհությունն է հարուցել նաև «ընտանեկան բռնություն» եզրը «բռնություն ընտանիքում» եզրով փոխարինելը:

«Ընտանեկան բռնությունը կիրառվում է միջազգային իրավական փաստաթղթերում, իսկ մեր օրենքում ընտանեկան բռնությունը դարձել է բռնություն ընտանիքում: Անգամ լայն մեկնաբանության դեպքում այն չի կարող արտահայտել ընտանեկան բռնության միջազգայնորեն ընդունված իրավական բովանդակությունը»,- ասում է նա:

Սակայն, Քոչարյանի խոսքով, ընդունված օրենքում «բռնություն ընտանիքում» ձևակերպումը լիարժեք կերպով համապատասխանում է միջազգային փաստաթղթերում կիրառվող «ընտանեկան բռնությանը»:

Ինչ վերաբերում է ընտանիքում համերաշխության վերականգնման ավելացմանը, նրա խոսքով, այդ փոփոխությունը պարզապես առավել ճշգրիտ է արտացոլում նրա էությունը:

Օրինագիծը նախատեսում է հաշտության գործընթաց, որը կգործի տուժածի համաձայնության դեպքում՝ սոցիալական ծառայությունների վերահսկողությամբ, նշում է նա:

«Այդ լրացումը նպատակ ունի ավելի լիարժեք կերպով արտացոլել օրենքի էությունը: Քանի որ այդ օրենքը, ըստ էության, միայն պատժիչ չէ… Այն զուգահեռաբար նախատեսում է սոցիալական, հոգեբանական, իրավաբանական օգնություն և՛ բռնության զոհերին, և՛ հենց բռնարարին: Անվան փոփոխությունն արտացոլում է այնպիսի տարրեր, որոնք մինչ այդ էլ կային օրինագծում»,- ասում է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031