Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս կատաղի գնաճի դեմը չառնվի, ապա ժողովրդի համար այն ավելի վտանգավոր զենք կդառնա, քան թշնամունը…

Դեկտեմբեր 14,2017 21:30

Գնաճի իրողությունը նորություն չէ, այն գոյություն ունի ամբողջ աշխարհում, սակայն ժամանակային կտրվածքով դրա պարբերականությունն ու չափերն այլ երկրներում համարյա զրոյական են, որի նեգատիվ ազդեցությունն այդ երկրների ժողովուրդները համարյա չեն էլ նկատում, այլ խոսքով, այն համարյա չեն էլ զգում իրենց մաշկի վրա: Սակայն տեսնենք,թե այս ասպեկտով իրականում ինչ տեղի է ունենում մեր երկրում: Ցավոք, այն ինչ տեղի է ունենում մեր երկրում, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, քանզի գների աճի պարբերականությունը ժամանակային կտրվածքով բացարձակապես ամենօրյա է, իսկ չափերի իմաստով ռեկորդային:

Որպեսզի ասվածն ավելի հասկանալի լինի, ներկայացնենք մեր և այլ երկրներում գնաճի համեմատական պատկերը, որը ինքնին շատ խոսուն է: Աշխարհի բազմաթիվ երկրներում միջին գնաճը մոտակա 5 տարիների ընթացքում կանխատեսվում և իրականում էլ կազմում է մոտ 0,5-ից մինչև ամենաշատը 1 տոկոս, որը նաև այդ երկրների բյուջեներում պարտադիր ու պարզորոշ արտացոլվում է, որպեսզի բնակչությունն անպայմանորեն նախապես տեղյակ լինի դրա մասին և հաշվի առնի իր հետագա ապրուստի համար նախատեսվող միջոցների օպտիմալ բաշխումը ու չհայտնվի տարատեսակ անակնկալների առջև: Սակայն, ի տարբերություն ասվածի, մեր երկրում բազմաթիվ ապրանքներ կարող են մեկ օրում արձանագրել մինչև անգամ 10 և ավելի տոկոս աճ: Եվ այս ամենն այն դեպքում, երբ այդ երկրներում ստանում են կայուն և շատ բարձր աշխատավարձ, իսկ մեր ժողովրդի մեծ մասը գործազուրկ է, իսկ աշխատող մասն էլ կոպեկներ է ստանում:

Ահա այս պայմաններում, Հայաստանում ապրանքների գներն ամենօրյա վայրի աճ են արձանագրում և ժողովրդին դնում անելանելի ու մոլորյալ վիճակի մեջ: Ստեղծված իրավիճակում ժողովուրդը ոչինչ անել չի կարող և նրա միակ հույսը Աստծուն ապավինելն է, որպեսզի գթա իրեն և փրկի այդ անելանելի աղետից: Անիմաստ է այս ու այն կողմ ընկնելը, այս հարցում անելիք ունի միայն պետությունը, ով պարտավոր է ամենօրյա խորը վերլուծություններ իրականացնել գների շուկայում և մշակել համապատասխան մարտավարություն գների աճի զսպման մեխանիզմների կիրառման ուղղությամբ:

Փաստացի, գնաճի այս պայմաններում ստեղծվել է շատ զարմանալի իրավիճակ. խախտվել է շուկայի պահանջարկի և առաջարկի համապատասխանությունը, որը հազվագյուտ պատահող երևույթ է, որի հետևանքով ժողովուրդը մեծ դժվարություններ է կրում գնումներ կատարելու հարցում, քանզի փոխանակ զսպվի գների շարունակվող այս անհասկանալի աճը կամ նվազեցվի, ընդհակառակը գները շարունակում են աճել և երկիրը տանում դեպի կոլապսային վիճակ: Սա շուկայի օրենքներին լրիվ հակառակ վիճակ է, որը շատ հազվադեպ է պատահում և այն չզսպելու դեպքում, երկրի տնտեսությունը կարող է գնալ էական խարխլման: Ասվածից պարզորոշ երևում է, որ ստեղծված իրավիճակում գնդակը հայտնվել է պետության դաշտում ու եթե այս ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա վիճակն իսկապես կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Այս պարագայում, ամենազարմանալին այն է, որ կառավարությունը չափազանց հանգիստ է, անհանգստության ոչ մի նշույլ ցույց չի տալիս և իր շարունակական լռությամբ փորձում տպավորություն ստեղծել, որ իբր ամեն ինչ նորմալ է ու անհանգստանալու ոչինչ չկա: Փաստորեն, կառավարությանն  ընդհանրապես չի հետաքրքրում, որ գներն այնքան արագ ու այնքան մեծ տեմպերով են աճում, որ ժողովուրդը համարյա կորցնում է իր գնողունակությունը բազմաթիվ ապրանքների նկատմամբ, որից էլ ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանյան շուկան կարող է ուղղակի պայթել: Կարծում եմ, այս պարագայում կառավարությունը պետք է մի կողմ թողնի իր առօրեական բան ու գործը և ողջ ուժերով լծվի գնաճի զսպման գործընթացին, որն ազգային անվտանգության խնդիր է՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով: Չափազանցածրած չեմ լինի, եթե ասեմ, որ գնաճի նման շարունակությունը կարող է բերել տնտեսության լուրջ խարխլման, որից դուրս գալը չափազանց դժվար կլինի…

Գների զսպման մեխանիզմների ներդրման հարցում հեծանիվ հնարելու կարիք չկա, քանզի և մեր երկրի օրենսդրությունն է դա թույլ տալիս՝ ի դեմս պետության լիազոր մարմին կենտրոնական բանկի, իր հիմնական՝ գների կայունացման գործառույթով, ինչպես նաև առկա է աշխարհի մեծ փորձը…

Եթե շատ ռեալ նայենք ստեղծված վիճակին, ապա կարող ենք արձանագրել, որ գնաճի նման տեմպն այս պահին ավելի վտանգավոր զենք է ուղղված մեր ժողովրդին, քան թշնամու զենքը, որը կարող է երբեմն-երբեմն սխալ կրակել…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031