Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի որոշումը դասական ձեւական միջոցառումներից է». ազգագրագետ

Դեկտեմբեր 14,2017 22:35

Ազգագրագետ Գայանե Շագոյանին կառավարության որոշումը՝ նախածննդյան տոների կրճատման վերաբերյալ, անլուրջ է թվում:

«Անլուրջ է այն իմաստով, որ հարց է, թե ում դա պետք է վերաբերի, եթե ամբողջ իմաստն այն է, որ վարչական աշխատողներն այդ օրերին, գնան, նստեն աշխատավայրերում, ապա նկատի ունենանք, որ դա չի ազդի բնակչության մեծամասնության վրա, որովհետեւ հիմնական բնակչությունը որեւէ տեղ առանձնապես գրանցված չէ ու չի աշխատում: Այնպես չէ, որ Հայաստանում գործարանները կամ հիմնարկություններն այնքան շատ են, մարդիկ այնքան աշխատանք ունեն, որ իսկապես այդ երեք օրը որեւէ էական նշանակություն կարող է ունենալ:

Մեր բնակչության մեծ մասը զբաղված է սպասարկման հատվածում, որոնք աշխատում են նույնիսկ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին, 3-ին եւ չեն նայում վարչապետի որոշմանը: Վարչապետի որոշումը, իմ կարծիքով, կրում է շատ ձեւական բնույթ, դասական ձեւական միջոցառումներից է, երբ երկրին փորձ է արվում տալ մոդեռնիզացվող կամ զարգացող երկրի պատկեր՝ ինչ-որ արտաքին բաներ փոխելով»,- Aravot.am-ին ասաց ազգագրագետը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից:

«Եթե աշխատատեղերի խնդիր լիներ, այսինքն, ունենայինք քիչ թե շատ գործող արդյունաբերություն, միգուցե այս ամբողջն իմաստ կունենար: Ես խիստ կասկածում եմ, որ դա կաշխատի, ու մարդիկ հունվարի երեքից աշխատանքի դուրս գան, որովհետեւ չեմ հասկանում՝ ում համար են իրենք նստելու աշխատավայրերում, եթե բնակչության հիմնական մասը շարունակելու է իր տոները առնվազն մինչեւ հունվարի վեցը: Եթե վարչապետն այդքան ուզում է երկիրը մոդեռնիզացնել, պետք է փորձի մի քիչ թոթափել երկիրը կրոնական բնույթի տոներից, նույն իր նախորդի մտցրած մեռելոցները դարձնել ազատ օր: Չեմ կարծում, որ այս որոշումը որեւէ կերպ դրական կամ բացասական իմաստով կունենա հետեւանքներ»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով. «Ես այդքան էլ կողմ չեմ այդքան երկար տոնելու Նոր տարին: Այն, որ ունենք ութ, իննը ոչ աշխատանքային օր իրար հետեւից, գտնում եմ, որ ճիշտ չէ, աղքատ երկրում այդքան տոն ունենալը երբեք ճիշտ չի լինում, բայց կառավարության պատճառաբանությունը դուրս չի գալիս, ինչ է նշանակում փող են տալիս չաշխատած օրերին, մարդիկ վատ են ապրում այս երկրում, ոչինչ մի քիչ էլ փող տվեք, թող չաշխատեն այդ երկու օրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031