Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային «գիծը» շահութաբեր դառնալու

Դեկտեմբեր 14,2017 20:11

2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հետեւյալ հարցումն ենք ուղարկել . «2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին»:

Ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի հետեւյալ պատասխանը. «Նոյեմբերյան-Երևան-Նոյեմբերյան միջմարզային երթուղու մրցութային կարգով տրամադրման եւ սպասարկման լիազորությունը պատկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Երթուղում կանոնավոր սպասարկում չիրականացվելը պայմանավորված է նշվածի ոչ շահութաբեր եւ ուղևորահոսքի անկանոն լինելու հանգամանքներով: Նշված հարցի, եւ ընդհանուր առմամբ, հասարակական տրանսպորտով չսպասարկվող բոլոր համայնքների սպասարկումը նախատեսված է կարգավորել ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ստեղծման միջոցով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիմնախնդրի լուծումը նախատեսում է իրականացնել երեք փուլով. 1-ին փուլում նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հանել ներմարզային երթուղիների սպասարկման պետական տուրքը եւ պահուստային տրանսպորտային միջոցի պարտադիր պահանջը: Զուգահեռաբար բարելավել համայնքների անանցանելի ճանապարհները: Հնարավորության դեպքում չսպասարկվող համայնքները ներառել գործող միջմարզային և ներմարզային երթուղիներում: 2-րդ փուլում նախատեսվում է սուբսիդավորում մնացած չսպասարկվող համայնքների համար: 3-րդ փուլում նախատեսվում է միասնական երթուղային ցանցերը ձևավորելու նպատակով հանրապետության տարածքում միջմարզային և ներմարզային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումները կազմակերպել 3-4 օպերատորների միջոցով, գործող երթուղիների սպասարկման ժամկետների ավարտից հետո: Հիմնախնդրին լուծում տալու գործընթացն ընթացքի մեջ է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031