Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգում պիտի ամրագրվի, որ գյուղապետերը չեն կարող լինել դպրոցի կառավարման խորհուրդներում». Անահիտ Բախշյան

Դեկտեմբեր 14,2017 20:00

Փորձագետները դժվարանում են դպրոցների խորհուրդների հաջողված օրինակներ բերել:

«Հոդված 3» ակումբում «Կառավարման խորհուրդների դերն ու գործունեությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում» խորագրով քննարկմանը կրթության փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե կառավարման խորհուրդները կայացնելու համար քաղաքական կամք չի տեսնում: Ըստ նրա՝ խորհուրդների գործունեությունը մեր հասարակության, պետականության ամենաառանցքային խնդիրն է. «Քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն չունենալու պատճառով մեր՝ շատ-շատ գեղեցիկ գրված օրենքներ չեն իրականանում: Եթե քաղաքական կամք լինի, մեխանիզմներ շատ կան, որ հասարակությունն իրեն կարևորի և իր անհրաժեշտությունը ցույց տա»:

Անահիտ Բախշյանն օրինակներ բերեց դպրոցների խորհուրդների, որոնց  կազմը չի համապատասխանում օրենքին. «Կա դպրոցի կառավարման խորհուրդ, որտեղ գյուղապետը նախարարության կողմից նշանակված է խորհրդի անդամ: Ծովագյուղում հինգ հոգի գյուղապետարանից կառավարման խորհրդում են: Անձամբ գնացել, հասել եմ Ծովագյուղ կառավարման խորհրդի կազմի ընտրությանը: Բայց եթե կառավարման խորհրդի անդամ ծնողները կարող են նստել ու իրենց երեխայի կրթության շահերին հակասող քվեարկություն կատարել, էլ ի՞նչ խոսեմ»:

Տիկին Բախշյանը հայտարարեց՝ կարգում պիտի ամրագրվի, որ գյուղապետերը չեն կարող լինել կառավարման խորհուրդներում: Ըստ տիկին Բախշյանի՝ կարգում կարելի էր շատ բան փոխել այնպես, որ, օրինակ՝ պատասխանատվությունը թողնեն այդ համայնքին: Տիկին Բախշյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է նախարարության  ներկայացուցիչը հասնի այնտեղ:

Ըստ տիկին Բախշյանի՝ այնպես, ինչպես օրենքում է գրված և ինչպես ինքն է պատկերացնում, չեն գործում նաև աշակերտական խորհուրդները. «Այժմ այդ խորհուրդները զբաղված են տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, մինչդեռ աշակերտները պետք է դպրոցում ցանկացած որոշման կայացման գործընթացին մասնակցեն»:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հետազոտող Հովհաննես Աթաբեկյանը հիշեցրեց, որ երբ մեր երկիրը սկսեց մասնակցել տարբեր դրամաշնորհների, 1990-ականների վերջին 2000-ականների սկզբին միջազգային կազմակերպություններն ուղղորդված կարգով որոշեցին գնալ դեպի կառավարման խորհուրդների մոդել: Հենց այդ ժամանակ էլ ՀՀ-ում ստեղծվեցին կառավարման խորհուրդներ:

Պարոն Աթաբեկյանի համար դպրոցական կառավարման խորհրդի հաջողված օրինակ է Վաղարշապատի թիվ 5 դպրոցինը, սակայն ըստ նրա՝ կառավարման խորհրդի լավ գործելու համար պետք է աշխատեն մի շարք օղակներ. «Որպեսզի խորհուրդն աշխատի, պետք է աշխատեն դպրոցի արդյունքների համար կարևոր բոլոր օղակները՝ դպրոցի տնօրենը պետք է իր տեղում լինի, լինի մոտիվացված, ունենա գործընկերային հարաբերություններ քաղաքային և համայնքային իշխանությունների հետ: Պետք է կարողանանք ստեղծել դպրոցում այնպիսի միջավայր, որ ըստ բնույթի պասիվ ներկայացուցիչները, օրինակ՝ ծնողները, շահագրգռված լինեն լուրջ վերաբերվել դպրոցի կառավարման աշխատանքներին»:

Պարոն Աթաբեկյանը այստեղ կապ է տեսնում նաև տնօրենների նշանակման հարցի հետ: Նա նշեց Մեծ Բրիտանիայի օրինակը. «Այնտեղ տնօրենին նշանակում է անկախ, համազգային մարմին: Կարևոր է, որ ժամանակի ընթացքում նաև մեզանում ձևավորվի նման մարմին, որտեղ կլինեն հասարակության կողմից հարգված ու ճանաչված մարդիկ, որոնք նման պարագայում ահազանգ կհնչեցնեն և վետո կդնեն կամ տնօրենի նշանակման վրա կամ հետ կկանչեն նրան: Բայց այդ մարմինը պետք  կայանա օրգանիկ զարգացման ձևով»:

Փորձագետը բարձրացրեց նաև այն խնդիրը, որ այսօր դպրոցական խորհուրդները միմյանց հետ չեն համագործակցում, մինչդեռ այլ երկրներում կան խորհուրդների ասոցիացիաներ, ինչն ուժեղացնում է խորհուրդներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031