Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար

Դեկտեմբեր 14,2017 18:50

ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակություններն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ ուրախալի է լսել  Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների  միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել  հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական եկեղեցին և հունաց եկեղեցին սերտ համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում, և համայնքների միջև հարաբերությունները բարձր հարթության վրա են»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին և հույն եկեղեցին հաստատակամորեն կնպաստեն այս համագործակցության զարգացմանը, և երեք ժողովուրդների հանդեպ անարդար դրսևորումները միջազգային հարթակում կհասնեն ճշմարտացի ընկալման:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է  ստորագրվել դեռևս այս տարվա հունիսին: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքներին համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը շեշտեց, որ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: Տերենս-Նիկոլաոս Քուիքը խոսեց նաև հայ և հունական եկեղեցիների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:

Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն իր խոսքում նշեց, որ  Կիպրոսի հայ հայանքն աչքի է ընկնում  կազմակերպվածությամբ, և կիպրական կառավարությունը փորձում է համայնքին օգնել բոլոր բնագավառներում: «Մեր երկրները ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները միջոց են մեր նպատակներին հասնելու համար»: Այդ ճանապարհին Ֆոտիս Ֆոտիուն անփոխարինելի համարեց եկեղեցու օգնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարան:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031