Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակնը» պնդում է, թե գործել է ՊՆ համաձայնությամբ: ՊՆ-ն ժխտում է

Դեկտեմբեր 14,2017 16:52

Դեկտեմբերի 11-ի երեկոյան ֆեյսբուքում հայտնվեց այս գրառումն՝ արված «Շողակն» ԲՀԿ-ի կողմից.

Լուսանկարի ճշտության վերաբերյալ կասկածներս հաստատվեցին, երբ այն գտա դեռ 2016-ի ապրիլին ադրբեջանական մամուլի հրապարակած նյութերում՝ իբր այս տղաները հայոց բանակի զինվորներ են և գտնվում են ծանր կացության մեջ:

Մինչ ադրբեջանական մամուլի՝ այս լուսանկարը տարածելը, այն համացանցում էր հայտնվել 2014-ին stopfake.org կայքի հրապարակման մեջ: Իրականում, լուսանկարում պատկերված են ռուս զինվորներ, որոնք անցնում են հատուկ ռազմական պարապմունքներ՝ խիստ եղանակային պայմաններում գոյատևել սովորելու համար: Լուսանկարն արվել է ավելի քան 5 տարի առաջ:

Փորձեցի «Շողակն» ԲՀԿ-ի հետ պարզաբանել, թե ինչու է իրենց էջում տեղադրված հենց այս նկարը: Անձնական նամակով իրենց տեղեկացրեցի, որ լուսանկարը չի համապատասխանում իրականությանը, և որ այն կարող է խուճապ առաջացնել մարդկանց մեջ: Լուսանկարը հեռացնելու իմ կոչը հաշվի չառնվեց, փոխարենն ինձ պատասխանեցին, որ այդ ամենը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ:

 

Գրառման տակ մեկ այլ օգտատերի հարցին, թե ինչ կապ ունի լուսանկարը հայոց բանակի հետ, «Շողակն» ԲՀԿ-ն պատասխանեց, թե լուսանկարն արել և իրենց ուղարկել են հենց Օմարի լեռնանցքում ծառայող զինվորականները:

Որոշ օգտատերերի բողոքներից հետո ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը.

Ինձ մտերիմ մարդկանցից մեկը զանգահարեց «Շողակն» ԲՀԿ-ի նշած հեռախոսահամարով՝ փորձելով ճշտել, թե ինչպես և ինչ են հավաքագրում զինվորների համար:

«Շողակն» ԲՀԿ-ի տնօրեն Նաիրա Պետրոսյանը պատասխանեց, որ հավաքում են բրդյա գործվածքներ, գուլպաներ, քնապարկեր, տակաշորեր, ձեռնոցներ, ծածկոցներ և սագի յուղ: Իր խոսքերով՝ հավաքել սկսել են զինվորների ահազանգից հետո: Ահազանգը եղել է ոչ միայն իրենց կազմակերպությանը: Զինվորները օգնություն են խնդրել նաև այլ կազմակերպություններից: Նաիրան ասաց, որ կարող են տանել այնքան հագուստ, որքան կբերեն իրենց կենտրոն: «Մենք պայմանավորվածություն ունենք ՊՆ-ի հետ, հագուստները տանում են ԱԻՆ-ի մեքենաները, օգնում են նաև ՋԻՋԻ տաքսիները»:

ՀՀ ՊՆ թեժ գիծ զանգահարեցի, որտեղ հաստատեցին Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն՝ ասելով, որ հայ զինվորն ապահովված է ամեն ինչով, և որ ոչ մի համաձայնագիր կամ պայմանավորվածություն ՀՀ ՊՆ-ի հետ «Շողակն» ԲՀԿ-ն չունի: Նրանք տեղյակ չեն նման կազմակերպության գործունեությունից:

Զրուցեցի նաև մի զինվորի հետ, որը մարտական ծառայություն է անցնում այդ տարածքում: Նա ծիծաղելով ասաց. «Նման բան չկա, մենք ամեն ինչով ապահովված ենք: Գուլպաների, քնապարկերի, ծածկոցների և առավել ևս սագի յուղի կարիք չկա: Հանգիստ եղեք»:

«Շողակն» ԲՀԿ-ի մասին տեղեկությունները համացանցում կցկտուր էին: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում կազմակերպության՝ լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության դադարեցման մասին տեղեկություններ գրառված չեն: Բայց այն հիմնադրվել է 2004 թվականի օգոստոսի 16-ին:

Իսկ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրված է, որ կազմակերպությունը չի գործում 2007 թվականից ի վեր:

«Շողակն» ԲՀԿ-ի գրառումը արդեն հասցրել են տարածել մի շարք կայքեր:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խմբ. Հրապարակումից հետո «Շողակն» ԲՀԿ-ից «Առավոտին» հավելյալ պարզաբանեցին, թե իրականում իրենք գրանցվել են 03.04.2001 թվականին, իսկ 2004-ին ուղղակի վերագրանցվել են ու գործում են մինչ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031