Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին». Ռոբերտ Քուրքյանի հետ հարցազրույց

Դեկտեմբեր 14,2017 16:29

ԱԱԾ-ի հայտնաբերած ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ կասկածվող եւ դրա համար հետախուզման մեջ գտնվող Ռ. Ք-ն, նույն ինքը՝ ֆեյսբուքում գրանցված օգտատեր Robert Koorkyan-ը, ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ խոսքը հենց իր մասին է, ԱԱԾ-ն իրեն է փնտրում:

Մեր հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստել, ճի՞շտ է ԱԱԾ-ի հրապարակումը, ի՞նչ կասեք այդ մասին՝ նա պատասխանեց. «Իմ դեմ մեղադրանք են առաջադրել, որ ես մարդկանց հրահրել եմ զինյալ ապստամբության…Դե, Հայաստանի իշխանությունների համար բոլոր հակառակորդներն էլ ահաբեկիչներ են»:

Հարցին՝ հատուկ խումբ ունեցե՞լ եք, «Սասնա ծռեր-2», մասնավորապես ի՞նչ եք պլանավորել անել, որ գրել են՝ նախապատրաստել են ահաբեկչական գործողություններ՝ Քուրքյանը պատասխանեց. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, իսկ սարսափի է մատնել իշխանություններին»:

Հարցրեցինք՝ մասնավորապես ո՞րն է եղել միտքը՝ նա պատասխանեց. «Միտքը եղել է սա, իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն եւ զրկված է ընտրությունների միջոցով կատարել խաղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է»:

Հարցին՝ բայց ի՞նչ մեթոդով ու ի՞նչ միջոցներով, խոսքը զինված ապստամբության մասի՞ն է, կոնկրետ պլան ունեցե՞լ եք, ինչ-որ շենքեր գրավել, վնասել ինչ-որ պաշտոնյաների՝ նա պատասխանեց. «Ոչ, ես ասել եմ՝ եթե Ազգային ժողովի պատգամավորը կարող է լկտիաբար ասել, որ աղքատները եթե չեն կարող ապրել, թող չապրեն ու այդ լկտիության համար պատասխանատվության չենթարկվի, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշպանության ցանկացած գնով»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ՀՀ-ում դուք համախոհներ ունեցե՞լ եք, գաղտնի հավաքներ իրականացրե՞լ եք այդ գաղափարի շուրջ՝ նա պատասխանեց. «Բացեք հայկական Facebook-ը եւ կտեսնեք, որ ամբողջ ազատատենչ հայությունն է զզվանքով լցված այս ազգակործան իշխանությունների հանդեպ։ Դա միայն ինձ հատուկ չէ։ Ես ոչ կոնկրետ համախոհներ ունեմ, եւ առավել եւս՝ հավաքներ չեմ կազմակերպել»

Հարցին՝ իշխանափոխության տարբեր ճանապարհներ կան, ինձ հետաքրքիր է, թե դուք ոնց եք պատկերացրել այդ իշխանափոխության գործընթացը, եթե ոչ ընտրությունների միջոցով՝ Քուրքյանը պատասխանեց. «Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, եւ այդ տեսակետից եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ»:

Նա վստահեցրեց, որ իրենք ոչ մի հավաք չեն իրականացրել, ԱԱԾ-ն խեղաթյուրում է՝ ըստ նրա, իսկ թե ռազմաքաղաքական շտաբն ինչով է զբաղվել՝ պատասխանեց. «Միայն հայտարարություններ է արել եւ փորձել է մեր ժողովրդին հորդորել, որ պայքարեն հանուն հայրենիքի ապագաղութացման եւ հանուն Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության»:

Հարցին՝ ի՞նչ է հիմա պատրաստվում անել Ռոբերտ Քուրքյանը, երբ ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ նա չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձերբակալեցէք, ծակը նետեցէք, թող դաս լինի իրեն եւ իր նմաններին

    Համացանցում իրենք իրենց միչեւ երեւակայական աշխարհ են ստեղծել,
    կարծում են որ դա է իրականութիւնը

    արեւմտեան երկիրներու քաղաքացի հայերն ալ ալ թող չկարծեն թէ շնորհիւ ատոր Հայաստանում Օրէնքի դէմ յատուկ վահան մը ունեն, immunity ունեն, Պետութիւնը չի համարձակվելու իրենց բան անել

    դու մի հատ համարձակվիր քո ԱՄՆ-ում այսպիսի բաներ գրել, մի գիշերուայ մէջ կ’անհետանաս, իրաւապահ պատկան իշխանութիւնները քեզ տնիցդ կ’առնեն կը տանին, փաստաբանի իսկ իրաւունք չես ունենար, re: The Patriot Act

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031