Լրահոս
Օրվա լրահոսը

Նինոծմինդայի շրջանի 8 հայ պաշտոնյաների ցանկանում են զրկել լիազորություններից

Դեկտեմբեր 14,2017 16:04

«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիություն ունեն: Կուսակցությունը պահանջում է նրանց զրկել քաղաքացիությունից և հեռացնել զբաղեցրած պաշտոններից: Իրենք՝ պաշտոնյաները, հերքում են այդ մեղադրանքները, գրում է jnews.ge պորտալը:

«Ազատ Վրաստանի» հայտարարության մեջ նշվում են Սմբատ Կյուրեղյանի, Վաղինակ Արզումանյանի, Արարատ Նանայանի, Մկրտիչ Նանայանի, Գրիգորի Շամիլյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Սեդա Դարբինյանի և Վաղինակ Ղազարյանի անունները: Այդ ցուցակից 6-ը Սակրեբուլոյի պատգամավորներ են և ընտրվել են «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից, իսկ Արարատ Նանայանը տեղի իշխանական մարմնի աշխատակից է:

«Ազատ Վրաստանը» պաշտոնապես դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը և Անվտանգության պետական ծառայությանը՝ պահանջելով այդ քաղաքացիներին զրկել լիազորություններից՝ դա բացատրելով նրանով, որ նշված պաշտոնյաները խախտել են Վրաստանի սահմանադրությունը: Այդ մեղադրանքների համար որպես ապացույց նրանք բերում են այն հանգամանքը, որ այդ անունները ներառված են Հայաստանի ընտրական ցուցակներում:

«Ես հստակ գիտեմ՝ ովքեր են նրանք: Նրանց այդ մտքերի համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության ընտրական ցուցակները: Միգուցե ցուցակում կա Կյուրեղյան Սմբատ անուն, բայց ես չգիտեմ՝ ով է նա: Ավելին ասեմ, կարող է անգամ լինել մի քանի Սմբատ Կյուրեղյան: Բայց անձնագիր, ապացույցներ կա՞ն: Եվ սա առաջին դեպքը չէ, սկզբում երկու մարդ էին, այժմ ցուցակում կա նաև ընդդիմադիր պատգամավորի անուն»,- ասել է Սմբատ Կյուրեղյանը:

«Ես ուսանող եմ եղել Երևանում: Թող ապացուցեն, եթե գիտեն, որ Սեդա Դարբինյանը ես եմ: Թող անձնագրով ապացուցեն: Պարզապես նրանք չեն ցանկանում ինձ տեսնել այստեղ»,- ասել է Սեդա Դարբինյանը:

Հարկ է նշել, որ պատգամավորների երկքաղաքացիության այս թեման սկսվել էր դեռ նախընտրական շրջանում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031