Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալթունյանը պարբերաբար շփոթում. պարզաբանում է նախարարը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 15:36

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե շփոթմունք է եղել, երբ ինքը վիճակագրություն է ներկայացրել, թե Հայաստանի մինչեւ 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական հարաբերության փորձ ունի:

Հիշեցնենք, որ նախարարը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումների վերաբերյալ ասել է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական հարաբերությունը. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, երբ երեխան դեռ չի հանդիպել վիրուսին: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 25% աղջիկները մինչեւ 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը, հետեւաբար մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, ընտրել ենք 13 տարեկան հասակը»:

Նախարարի այս հայտարարությունից հետո որոշ պատգամավորներ մեղադրեցին Ալթունյանին, թե նախարարը ամեն 4-րդ դեռահաս աղջկա անբարոյական է համարում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում էլ բազմաթիվ օգտատերեր պահանջում են նախարարի հրաժարականը:

Ալթունյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, թե խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց է տվել՝ 25% տոկոս տղաները եւ 1% աղջիկները ներգրավված են այդ թվերի մեջ, այսինքն՝ սեռական հարաբերության փորձ ունեն. «Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, տղաների փոխարեն հնչել է աղջիկներ խոսքը»:

Սա Ալթունյանի առաջին շփոթմունքը չէ, նախկինում էլ ծխողներին է անհաջողակ համարել, ապա ծննդկանի մահվան դեպքով ասել էր՝ «Ես 1-2 մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում» : Այս հայտարարություններից հետո էլ բարձրացած աղմուկից հետո նախարարությունը փորձեց հանրությանը համոզել, որ շփոթմունք է եղել, նախարարն այլ բան է նկատի ունեցել: Թե ի՞նչ պատճառը, որ նախարարը պարբերաբար շփոթվում է, այս հարցին նախարարը պատասխան չտվեց:

Ալթունյանի՝ մեկ շաբաթ արած հայտարարության վերաբերյալ առողջապահության նախարարությունը միայն երեկ պարզաբանեց, շփոթմունքը փորձեց շտկել, նշելով՝ «Ալթունյանը հարցազրույցի ժամանակ վկայաբերել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրության տվյալները, որոնց համաձայն` հարցված 15 տարեկան տղաների 25%-ն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` ընդամենը 1%-ը»։ Բացի «Արաբկիր» ԲԿ-ում կատարված վերոհիշյալ ուսումնասիրությունից, ըստ նախարարության, Հայաստանում 2009-10 թվականներին էլ մեկ այլ նմանատիպ հետազոտություն էլ է կատարվել։

Մեր հարցին՝ որքանով է ճիշտ միայն մեկ բուժկենտրոնի ցուցանիշներ ներկայացնելով ամբողջական պատկերի մասին խոսել, եւ արդյոք պաշտոնական հարցման տվյալներ կհրապարակի նախարարությունը, Ալթունյանը հրաժարվեց պատասխանել հարցերին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031