Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտով C-ով չվարակվելու համար ուշադրություն է անհրաժեշտ

Դեկտեմբեր 14,2017 15:22

«Երբևէ չէի մտածի՝ կգա մի օր, որ այդքան աներևակայելի սիրո մասին տարիներ անց կխոսեմ դառնացած: Չէ, չկարծեք, որ սերս դրանից պակասել է, այն օգնեց, որ պայքարեմ մի հիվանդության դեմ, որը շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել: Ես անգամ չգիտեի, թե ինչ բան է հեպատիտ C-ն, չէի կարող պատկերացնել նրա վտանգավորության մասին»,- մեզ հետ զրույցում իր հիվանդության մասին խոսեց Ա.Հ-ն: Հիվանդությունը բուժման փուլում է, նա այժմ ավելի ուշադիր և իրազեկ է դարձել՝ այդ կերպ հեշտացնելով առօրյան:

«Քնքուշ մարդասպան» անունով հայտնի այս հիվանդությունը կարող է զարգանալ օրգանիզմում վիրուսի հայտնվելու դեպքում, որի առաջին նշանները կարող են հայտնվել վարակվելուց հետո: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով: Հեպատիտ C -ի հիմնական վարակման ուղին են համարվում բժշկական միջամտությունները՝ մասնավորապես արյան փոխներարկումը, վիրահատությունները, կանանց մոտ՝ գինեկոլոգիական միջամտությունները, իսկ ինչ վերաբերում է մորից պտղին անցմանը, ատամնաբուժարաններում և մատնահարդարման սրահներում, դաջվածքներից և տատուներից վարակվելուն, դրանք քիչ տոկոս են կազմում:

Հիվանդության մասին խոսեցինք «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Նարինա Սարգսյանցի հետ: Ըստ նրա՝ հիվանդությունը գրեթե բոլոր դեպքերում բուժվում է:

«Իհարկե կարևոր է նաև վիրուսի տարատեսակը, խորությունը. հիվանդությունը տարբեր խորության աստիճաններ ունի՝ սկսվող, միջին, խորացած ցեռոզ: Եթե խորացած ցեռոզ է, բուժման հավանականությունը 80-85 % է, բայց դա հրաշք է: Հեպատիտ C-ի բուժման ասպարեզում հաջողությունները համարվում են հեղափոխական փոփոխություն և ուղղակի հրաշալի արդյունք խրոնիկական հիվանդության բուժման ասպարեզում: Արդյունքը համարվում է վիրուսի իսպառ վերացումը օրգանիզմից: Եթե հիվանդն ունի ցեռոզի լուրջ ախտահարումներ, նպատակը՝ լյարդի լավացումն է.մեծ մասի մոտ լավանում է, երբեմն էլ ոչ այնքան»,-նշում է բժիշկ-վարակաբանը:

Սակայն պետք է փաստել, որ բժշկի դիմող ցանկացած մեկը չի կարող երևակայել, որ հնարավոր է մի նոր հիվանդությամբ վերադառնա տուն. քանի որ հիվանդին շատ հաճախ հետաքրքրում է միայն իր խնդրի լուծումը, այլ ոչ միջոցները: Հիշում ենք հայտնի դեպքը, երբ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով 7 մարդկանց մոտ հայտնաբերվել էր հեպատիտ С։  Նույն խնդիրները կարող են առաջանալ այն վայրերում, որտեղ որ կարող է հիվանդությունը զարգանալ: Այն հաստատությունները, որոնք կարող են հեպատիտ C հիվանդության առաջացման կենտրոնը դառնալ, չեն ենթարկվում սանիտարահիգենիկ ստուգումների: Անձնակազմի պարտքն է և նրանց խղճին է դրված շատերի ճակատագրերը։

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ ՝ բժշկին հարցնել մաքու՞ր են գործիքները, թե՞ ոչ, հարցը կարո՞ղ է բժշկի կողմից վերաբերմունքի փոփոխման հիմք դառնալ:

«Բժշկի մոտ կամ կոսմետոլոգիական սրահներ հաճախում են նաև հենց այդ հիվանդությամբ վարակված մարդիկ: Նախ իրենք պարտավոր չեն ասել, որ նման հիվանդություն ունեն, սակայն գերադասելի է, բայց պարտավոր չեն: Ցանկացած այցելուի կամ հաճախորդի պետք է դիտել որպես ինչ-որ վիրուսներով կամ այլ վարակներով վարակված: Այդ պատճառով բոլոր գործիքները պետք է ըստ ստանդարտի վնասազերծել, և ստանդարտ գոյություն ունի, այլ հարց է, թե ինչքանով է այն կատարյալ, և դա միայն մեր երկրի խնդիրը չէ, նման խնդիրներ առաջանում են տարբեր երկրներում: Բուժհիմնարկում կան մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ գործիքների մաքրության համար, իսկ վիրաբույժը, ով կատարել է իր աշխատանքը, պատասխանատու է միայն վիրահատական միջամտության համար, այլ խնդիր է, եթե նա տեսնում է նկատելի թերություններ և չի արձագանքում»,- ավելացնում է Նարինա Սարգսյանցը:

Չնայած, որ ատամնաբուժարաններում, մատնահարդարման սրահներում վարակման հավանականությունը ավելի քիչ է, բայց այնուամենայնիվ դրանք հանդիսանում են որպես աղբյուր վարակի տարածման համար: Այս հարցերի մասին խոսեցինք մասնագետների հետ պարզելու պատասխանները: Եվ նախքան կզրուցեինք գեղեցկության սրահներից մեկի մատնահարդարի հետ, որը դեռ աշխատանքը չէր վերջացրել, նկատեցինք, որ գործիքները մաքրեց ընդամենը չոր անձեռոցիկով:

«Ճիշտն ասած բավարար չափով տեղյակ չեմ այդ հիվանդության մասին, բայց երբևէ չի եղել մի հաճախորդ, որ տեղյակ պահի իր հիվանդության մասին կամ հարցնի մաքուր են արդյոք գործիքները: Այո, մենք պարտավոր ենք գործիքները մանրէազերծ վիճակում պահել, որպեսզի այն վատ հետևանքների չհանգեցնի: Հատուկ միջոցներ գեղեցկության սրահը ձեռք չի բերում, բայց ամեն օգտագործելուց հետո լվացվում են սպիրտով և խնամքով մաքրվում են դրանք»- ասում է մատնահարդարը՝ չցանկանալով ներկայանալ:

Ըստ բժիշկ-վարակաբան Նարինա Սարգսյանցի՝ հեղուկները, որոնք առաջարկվում են վնասազերծման համար տարիների ընթացքում փոփոխվում են:

«Սովետական միության ժամանակ և շատ երկար տարիներ հետո կիրառվել է «Ֆլորամին», հիմա կան նաև այլ նոր նյութեր, որոնք էլի կիրառվում են: Հնարավոր է սպիրտը, օրինակ՝ հեպատիտ B-ի վիրուսը չսպանել, որը նույնպես շատ տարածված է Հայաստանում: Կա միջոց, երբ բարձր ճնշման տակ են վնասազերծվում գործիքները: Դա ամենազդեցիկներից է համարվում, և մոտ 30-40 րոպե պետք է հեպատիտ վիրուսի լրիվ մանրէազերծման համար»,-պատմում է վարակաբանը:

Պետք է ուշադրություն դարձնել գործիքներին, թե արդյոք դրանք մաքուր են կամ փաթեթավորումից են դուրս բերվում, որոնց միջոցով են իրականացվելու ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական միջամտությունները: Վստահորեն չի կարելի ասել, թե այդպես գործիքները կարող են գտնվել անթերի վիճակում, այնուամենայնիվ դրա բացակայությունը մանրէների մասին կարող է ենթադրել տալ:

«Իհարկե, ատամնաբույժները չեն կարող գուշակել, թե այցելուի մոտ առկա է հեպատիտը, քանզի այն ակնհայտ երևացող ոչ մի նախանշան չի ունենում: Միակ տարբերակը խուսափելու նման խնդիրներից սանիտարահիգիենիկ միջավայրի և միջոցների պահպանումն է այցելուների համար, ինչը շատ տեղերում իսկապես խնդիր է»,- նշում է ատամնաբույժ Արամ Նազարյանը:

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031