Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրիպակ է եղել». Հարությունյանը ՌԴ սահմանապահների կողմից մերժման՝ աղմկահարույց նախագծի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 15:02

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները պարզաբանում խնդրեցին ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից նիստում հաստատված այն նախագծի վերաբերյալ, ըստ որի դադարեցվում են հայ-իրանական սահմանին Արաքս գետի 40 մետր երկայնքով նախատեսված շինաշխատանքները: Այս նախագծում նշված է, որ  շինաշխատանքները դադարեցվում են, քանի որ ՌԴ սահմանապահ զորամասի հետ չի հաջողվել համաձայնության գալ:

Հարությունյանը լրագրողներին մեղադրեց, թե նախագիծը սխալ են հասկացել, նախագծում սահմանապահների մասին խոսք չի գնում:

Լրագրողները ստիպված եղան նախագիծն ընթերցել Հարությունյանի համար: Մեջբերենք՝ հիմնավորումը. «Աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել:

Կարգավորման նպատակը եւ բնույթը՝

Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ: Պայմանագրի դադարեցմամբ կողմերը կազատվեն պայմանագրային պարտավորություններից»:

Սա լսելուց հետո Հարությունյանն ասաց. «Վրիպակ է եղել: Խնդիրը իրանական կողմի հետ է: Ռուսական սահմանապահների հետ համատեղ մենք բանակցում ենք իրանական կողմի հետ»:

Ապա Հարությունյանը պարզաբանեց, որ իրանական կողմը համաձայնություն չի տվել, քանի որ Արաքս գետի նշված հատվածում գետի հունը մաքրելու աշխատանքների հետեւանքով գետը հունը մի փոքր փոխելու է. «Հիմա բանակցություններ են գնում»:

Մեր դիտարկմանը՝ նախագծում նշված է, որ բանակցությունները դադարեցվում են, Հարությունյանը կրկին փորձեց ինչ-որ պատճառաբանություններ բերել, թե ժամանակավոր են դադարեցվում բանակցությունները, որպեսզի շինարարական ընկերությունը տույժեր չունենա:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապա Հարությունյանը նշեց, թե ռուսական կողմի համաձայնությունը պետք չէ: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է բանակցում հայկական կողմի հետ, միթե՞ հայ-իրանական եւ երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններում նման խնդիրներ լուծելու համար ռուսական սահմանապահների համաձայնությունը հարկավոր է, Հարությունյանը պատասխանեց. «Որովհետեւ ռուսական կողմն է սահմանը պահում: Կարգը տենց ա, ռուսական կողմը պետք է մասնակցի բանակցություններին»: Իսկ թե որ օրենքով եւ կարգով պետք է ռուսական կողմը պարտադիր մասնակցի նման բանակցություններում, Հարությունյանը չկարողացավ նշել:

Մեր այն հարցին՝ մինչեւ կառավարության նիստի օրակարգ որեւէ նախագիծ ներառելը, այդ նախագծերը քննարկվում են այսպես ասած՝ նախանիստի ժամանակ, հետեւաբար, եթե վրիպակ է եղել, արդյոք կառավարության անդամներից որեւէ մեկը չի՞ նկատել այդ վրիպակը, Հարությունյանը վստահեցրեց, որ կառավարության անդամները նախագիծը հասկացել են այնպես ինչպես ինքը՝ Հարությունյանը, անհամաձայնությունը իրանական կողմից է:

Արդյոք նման խնդիրներ, մասնավորապես՝ իրանական կողմն անհամաձայնություն տա, նախկինո՞ւմ էլ է եղել, մեր այս հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց, որ հնարավոր է եղած լինեն, բայց մինչեւ տարեվերջ հարցը կարգավորվել է. «Նախկինում խնդիր եղել է եւ իրանական կողմից եւ հայկական: Բազմիցս մեր հայկական կողմը առարկություններ է բարձրացրել գետի հունի մաքրման հետ կապված թե իրանական կողմին, թե թուրքական կողմին, որ գետի հուն են մաքրել, եւ մեր հորդորով դադարեցրել են 2 տարբերակով. Մի դեպքում՝ չի մաքրվել, մյուս տարբերակով՝ զուգահեռ մենք էլ մեր կողմից ենք մաքրել, որպեսզի գետը հունը չփոխի: Այս պահին իրանական կողմը պատրաստ չէ, որ իր կողմում աշխատանքներ արվեն: Իրենք ասում են՝ մենք նախատեսում ենք հաջորդ տարի իրականացնել, դադարեցրեք, մյուս տարի մենք էլ կսկսենք, դուք էլ կսկսեք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031