Ինչպես տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն հայտնաբերել է, այսպես կոչված» «Սասնա ծռեր-2» խումբը, որը ֆեյսբուքում գործել է Martin Avagyan էջի ներքո: «Մարտիկներ՝ հանուն արդարության» կոչվող խումբը, ըստ ԱԱԾ-ի, պատրաստվել է ահաբեկչական գործողություններ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ խումբը կոորդինացնողը եղել է Ռ. Ք-ն: Ամենայն հավանականությամբ, խոսքը ֆեյսբուքում Rօbert Koorkian –ի մասին է, որը բնակվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Ի դեպ, Քուրքյանը ֆեյսբուքում նաեւ շատ լրագրողների ընկերների ցանկում է, հետեւելով նրա գրառումներին, պարզ է դառնում, որ հիմնականում թիրախավորված են ՀՀԿ-ի պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը, Հակոբ Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, հրապարակումներ կան նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Սահակյանի մասին եւ այլն:
Մենք ուսումնասիրեցինք, թե Martin Avagyan-ի հրապարակումները, բռնության կոչերը որ օգտատերերն են կիսվում իրենց էջում եւ մշտապես հետեւում էջին եւ մի շարք բացահայտումներ արեցինք:
Նախ, Մարտին Ավագյանի էջում հրապարակված են այդ խմբին անդամակցելու կանոնները, գաղտնիության սկզբունքները, գրված է, թե ինչպես պետք է երդվել: Ըստ այդ կանոնների, «Երդմնակալությունն իրենից ներկայացնում է՝ սովորական սպիտակ թղթի վրա ձեռագրով՝ վերեւի մասում գրեք ՄՀԱ եւ ձեր բնակության տարածաշրջանը, օրինակ՝ ՄՀԱ Նորք, ՄՀԱ Կոմիտաս, իսկ ներքում գրեք Արդարության մարտիկների երդման տեքստը, որը կարող եք գտնել Martin Avagyan օտգտատիրոջ էջում, այնուհետեւ նկարեք այն եւ անձնական նամակով ուղարկեք Martin Avagyan-ին, որն էլ իր հերթին անանուն ձեւով կհրապարակի իր էջում»: Այսպիսի ձեռագիր գրառումները, որ երդվում են դառնալ խմբի անդամ, Մարտին Ավագյանի էջում 2-3-ն էին:
Էջում անընդհատ կոչ են անում միանալ իրենց պայքարին ու նշված է. «Կծնվեն անշուշտ կեղծ առաջնորդներ, որոնք կոչ կանեն խաղաղ պայքարի, բայց ժամանակը աշխատում է ի վնաս երկրի եւ փրկության համար անհրաժեշտ են արդեն ծայրահեղ միջոցներ: Երկիրը զավթած հանցագործ բանդայի ոչ մի անդամ անպատիժ չի մնալու: Սեփական կյանքով եւ առողջությամբ պիտի հատուցեն երկրին հասցրած մահացու հարվածների համար»:
ՄՀԱ-ն նաեւ ռազմական հատուկ շտաբ է ունեցել, որը իր «մարտիկների» կարգապահության կանոններն է սահմանել: Հրապարակումներից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 20-22-ին անցկացվել են այդ մարտիկների «գաղտնի երդմնակալության զորավարժությունները»: Այդ հրապարակման տակ շատ օգտատերեր մաղթել են, որ «մարտիկները զգույշ լինեն», նշել են, թե՝ Աստված ձեզ պահապան:
Հայտարարություններից մեկի համաձայն էլ՝ այսպիսի խորհուրդներ են տրվում խմբի անդամներին. «Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի: Մեր երկիրը կարոտ է արդարության եւ արդարադատության: Միացի՛ր պարտիզանական շարժմանը: Եղիր զուսպ, հետեւիր ՄՀԱ-ի հայտարարություններին եւ գործի՛ր համապատասխան: Հեռու մնա ֆեյսբուքյան քննարկումներից»:
Շարունակելի
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ձերբակալեցէք, մի քիչ նստեցուցէք,
դաս թող լինի իր եւ իր նմաններին
արեւմտեան երկիրների քաղաքացի հայերը թող չկարծեն թէ Հայաստանի Օրէնքի դէմ յատուկ վահան մը ունին, immunity ունեն, երբ որ ուզում են ինչ որ ուզում են կ’անեն, Պետութիւնը չի համարձակուելի ոչ մի բան անել…
hey, Roberto, դու մի հատ համարձակվիր քո ԱՄՆ-ում այդպիսի բաներ գրել, մի գիշերուայ մէջ կ’անհետանաս, իրաւապահ պատկան իշխանութիւնները քեզ տնիցդ կ’առնեն կը տանին, փաստաբանի իսկ իրաւունք չես ունենար, re: The Patriot Act