«Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը տարածաշրջանում և աշխարհում»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերմանը՝ պարոն Սաֆրաստյանը նշեց, որ այդպիսով ՌԴ-ն աշխարհաքաղաքական և ներքաղաքական խնդիրներ է լուծում. «Կան նաև ներքաղաքական պատճառներ՝ կապված ՌԴ-ում մյուս տարի գարնանը նախանշված նախագահական ընտրությունների հետ: Պուտինն ուզում է ռուս ընտրողներին ցույց տալ, որ ինքը որպես խաղաղարար գործիչ է հանդես գալիս: Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ Սիրիայի հարցով այն հիմնական խնդիրները, որ դրվել էին ռազմական միջամտության առջև, լուծվել են»:
Ռուբեն Սաֆրաստյանի հավաստմամբ՝ Ռուսաստանը փորձում է վերադառնալ ԽՍՀՄ այն հզոր դիրքերին, որ ուներ Մերձավոր Արևելքում. «Ռուսաստանը փորձում է իր հեղինակությունը հաստատել այս տարածաշրջանում: Այս հաջող ռազմական գործողությունը Սիրիայում, իհարկե, լավ հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի համար իր հեղինակությունը վերականգնել Մերձավոր Արևելքում, արաբական աշխարհում»:
Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ այժմ Սիրիայի իրադարձություններում սկսում է բանակցային, դիվանագիտական պայքարի փուլը. «Պայքարը շարունակվում է արդեն դիվանագիտական միջոցներով: Արդյունքն ինձ դեռևս անհասկանալի է: Արդյոք կհաջողվի՞ Սիրիային հասնել այս կնճռոտ խնդրի վերջնական, արդարացի կարգավորման, թե՞ կլինեն գործոններ, որոնք բանակցային գործընթացը կվիժեցնեն:
Ռուբեն Սաֆրաստյանին անհանգստացնում է Թուրքիայի դիրքորոշումը: Այս առիթով նա մանրամասնեց. «Սիրիայից Ռուսաստանը զորքերը դուրս է բերում, իսկ Թուրքիան ավելացնում իր զորքերը Սիրիայի հյուսիսում: Թուրքական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան իր զինված ուժերը երկար ժամանակով է պահելու: Սա խանգարում է բանակցային գործընթացին: Չմոռանանք, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայում ոչ թե Սիրիայի կառավարության խնդրանքով, այլ անցել են Սիրիայի սահմանն ու այնտեղ տեղակայվել՝ ստեղծելով իրենց ռազմակայանները: Իսկ ռազմակայանների թիվը մտադրություն ունի հասցնելու ութի: Սա լուրջ ներկայություն է այլ պետության տարածքում՝ չունենալով նրա թույլտվությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա նման է անօրինական օկուպացիայի»:
Հարցին՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա՞, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Սիրիայի մի զգալի հատված գտնվում է այն ուժերի ազդեցության տակ, որոնք Ասադի կառավարությունը չեն ընդունում: Վտանգ կա, որ հետագայում հարաբերություններն այնպես կսրվեն, որ կսկսվեն ռազմական գործողություններ»:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե 2018-ի գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների և հարցին՝ ի՞նչ արձագանք սպասել Թուրքիայից, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Ե՛վ նախագահի, և՛ ԱԳ նախարարի հայտարարություններն արտացոլում են այն իրողությունը, որ կա: Թուրքիան հրաժարվեց այն գործընթացից, որը նախատեսում էին իրականացնել արձանագրությունները, և ոչ մի ցանկություն չի հայտնում Թուրքիան որևէ քայլ ձեռնարկել այս արձանագրությունները վերականգնելու համար: Արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, ձևականում կան, և միանգամայն տրամաբանական է, որ ՀՀ-ն ստիպված է մինչև մյուս գարուն այս խնդիրն իրականացնել այն առումով, որ նաև չեղյալ հայտարարի արձանագրությունները»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, թե Թուրքիան իր վրա մեծ բան է վերցրել. «Հայաստանի առջև նախապայմաններ է դնում, ճնշում գործադրում, փորձում միջամտել Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Անընդհատ Թուրքիայից զգացվում է ճնշում ՀՀ-ի վրա և դրա մի մասը կազմում է այն, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացը փակել է»:
Անդրադառնալով սիրիահայ համայնքին՝ պարոն Սաֆրաստյանը վստահեցրեց, որ նույնիսկ այս ծանր պայմաններում, երբ տասնյակ հազարավոր հայեր լքեցին Սիրիան, համայնքն իր կորիզը պահպանեց: Պարոն Սաֆրաստյանը թեև կարծում է, որ համայնքը քիչ- քիչ սկսում է վերականգնել այն ոգին, որ ուներ, բայց չի կարծում, թե համայնքի թվաքանակի ավելացում լինի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ