2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների հրապարակումը: Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը, ըստ մեղադրական եզրակացության, «Սասնա ծռեր» խմբի անդամներին նախապես խոստացել եւ տրամադրել է իր «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատար-ավտոմեքենան՝ այդ կերպ օժանդակելով խմբի անդամների հանցավոր արարքի՝ ՊՊԾ գնդի գրավման, պատանդառության կատարմանը եւ ապօրինի զենք-զինամթերք կրելուն:
«Գնդի գրավումից առաջ խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը եւ Էդուարդ Գրիգորյանը հանդիպել են նրան, հայտնել, որ պատրաստվում են զավթել ՊՊԾ գունդը եւ առաջարկել բեռնատարով իրենց հետ մեկնել, հարվածել դարպասներին, կոտրել դրանք՝ ապահովելով իրենց մուտքը տարածք»,-ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Դրանում նշված է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը հրաժարվել է անմիջականորեն մասնակցել ՊՊԾ գունդը զավթելուն, բայց զինված խմբին օժանդակելու համար Էդուարդ Գրիգորյանին եւ Մխիթար Ավետիսյանին տրամադրել է նշյալ բեռնատարը: Այսպիսով, Խաչատուր Գիչյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ:
Նա մեղադրանքի առնչությամբ կարծիք հայտնելիս դատավոր Արտուշ Գաբրիելյանին հետեւյալն ասաց. «Ես եմ գնացել «քաղմաս», ինձ բերման չեն ենթարկել, մինչդեռ գրված է, թե բերման են ենթարկել: Համ էլ, ավտոն իմը չի: Մի խոսքով՝ սկզբից մինչեւ վերջ սխալ բաներ են գրել: Քննիչները սխալ են քննել: Ավտոն ուզել են, տվել եմ, ի՞նչ իմանայի, թե ուր են տանելու»:
Հավելենք, որ «Սասնա ծռերը» չցանկացան լսել մեղադրական եզրակացությունների ընթերցումը եւ դատավորի թույլտվությամբ լքեցին նիստերի դահլիճը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ