Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտեղի 3 ամսով նիստը հետաձգեմ, այս տղաներն էլ ՔԿՀ-ում նստած մնա՞ն». Արտուշ Գաբրիելյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 13:25

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը վերսկսվելուն պես այսօր ամբաստանյալների պաշտպանները շարունակեցին պնդել՝ նիստը պետք է հետաձգվի, որովհետեւ իրենց պաշտպանյալներից երկուսը՝ Վարդգես Գեւորգյանը եւ Հովհաննես Վարդանյանը, նոր հանրային պաշտպաններ ունեն, որոնք պետք է ծանոթանան գործի նյութերին:

Արտուշ Գաբրիելյանը սակայն նկատեց՝ մեկ շաբաթից գործով հանրային պաշտպանները գալու են արձակուրդից, ուստի իմաստ չկա երեք ամսով դատական նիստը հետաձգել:

«Անտեղի երեք ամսով նիստը հետաձգեմ, այս տղաներն էլ ՔԿՀ-ում նստած մնա՞ն: Ողջամիտ ժամկետներ եմ Ձեզ տրամադրում, չեմ սահմանափակում որեւէ մեկի իրավունքը»,-վստահեցրեց դատավորը:

Ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նրան կոչ արեց արհեստականորեն լարվածություն չստեղծել եւ հետաձգել նիստը: Դատավորը չհամաձայնեց. «40 րոպե է՝ բացատրում եմ, որ ամբաստանյալների իրավունքները չեն խախտվում»:

Մուշեղ Շուշանյանն ասաց. «Նման վարքագծով դուք ցույց եք տալիս, որ անաչառ չեք, որ կողմնակալ-կանխակալ վերաբերմունք ունեք պաշտպանական կողմի հանդեպ, քանի որ Վարդգես Գեւորգյանին եւ Հովհաննես Վարդանյանին զրկում եք պաշտպանության իրավունքից: Այսինքն, դատարանն արդարադատություն չի իրականացնում»:

Այս հիմքով փաստաբանը դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց՝ կարծիք հայտնելով, որ դատավորի կողմից դատավարական կարգի պահպանումը չի կարող դրվել նրա դեմ ինքնաբացարկի հիմքում, հետեւաբար՝ այն հիմնավորված չէ: «Միջնորդությունը չի բխում տվյալ փուլի իրադրությունից, երբ պետք է մյուս ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները հրապարակվեն»,-նկատեց նա:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ այս գործով որպես դատավոր շարունակելու է հանդես գալ ինքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031