Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Թուրքական «T24.com.tr» լրատվական կայքը, հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ (Իսրայելի խորհրդարան):
Հրեա ընդդիմադիր գործիչը «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը:
«Մենք չպետք է վախենանք ո՛չ Թուրքերի, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ էլ արաբական աշխարհի սպառնալիքներից: Եթե որևէ մեկին դուր չի գալիս նախագահ Թրամփի հայտարարությունը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ-EH), ապա դա իր խնդիրն է»,- ասել է Լապիդը:
Հոդվածը հրապարակած «The Times of Israil»-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում Թուրքիային բարկացնելու համար խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչումից:
Աղբյուր` Ermenihaber.am