ՀՀԿ-ում բոլորն արդեն կողմնորոշված են, թե վարչապետի թեկնածուն ո՞վ է լինելու: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահն ասաց. «Այս պահին բոլորը կողմնորոշված են եւ որեւէ մեկի եթե հարցնենք՝ համոզված չեմ, որ նույն պատասխանը չի տալու: Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն եւ ունի քաղաքական հենարան դա Սերժ Սարգսյանն է»:
Գալուստ Սահակյանն ասում է, որ քաղաքականության մեջ երբեք անվիճելի հեղինակություններ չեն լինում, պարզապես այդ մարդիկ քաղաքական պայմանների հետեւանքով ընտրվում են հանրության ներկայացուցիչներ: Սա հարցի պատասխանն է`արդյոք ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանն անվիճելի հեղինակություն է. «Այս պահին ոչ, թե Սերժ Սարգսյանն անվիճելի հեղինակություն է, այլ հենց Սերժ Սարգսյանն է»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Կարեն Կարապետյանը, որը չի մասնակցել երկրի անկախության համար տարվող գործընթացներին, իրավունք չունի՞ վարչապետ լինելու, Գալուստ Սահակյանը պարզաբանեց` նա չունի քաղաքական հենարան. «Եթե Կարեն Կարապետյանն այնպիսի քաղաքական ուժ ունենար եւ այնպիսի ուժ, որը կկարողանար հաղթահարել…անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նախագահի անձի մասին Գալուստ Սահակյանը շատ չի մտածել, բայց վստահ է`կրկին հանրապետականն է ներկայացնելու. «Քննարկման փուլերում կրկին իմ կարծիքը կասեմ: ՀՀԿ-ում շատ արժանիները կան, որոնք կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել»,- ասաց նա:
Հարցին`«Ելք» դաշինը եւս կարող է վարչապետի թեկնածու առաջարկել, սա կխանգարի՞ ՀՀԿ-ի պլաններին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կուզեմ, որ ընդդիմադիր կողմն էլ ինչ-որ չափով ներկայացնի վարչապետի թեկնածու, բայց ուշադրությունս շատ եմ լարում եւ տեսնում, որ ռիսկային քայլերի չեն գնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ