2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով այսօրվա դատական նիստում հանրային պաշտպաններից երկուսը գրություն էին ուղարկել առ այն, որ արձակուրդում են, ուստի նրանց փոխարեն այլ հանրային պաշտպաններ էին ներկայացել: Նրանք դատավորին խնդրեցին ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար եւ հետաձգել նիստը, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգելու հիմքեր չտեսավ, քանի որ մեղադրական եզրակացությունների ընթերցման փուլն է:
«Գործի նյութերը 125 հատոր են, հիմա հինգ ամիս ժամանակ տա՞մ ձեզ: Մինչեւ գործի ավարտը բոլորս կգնանք թոշակի»,- կատակեց Արտուշ Գաբրիելյանը:
Ապա ամբաստանյալները կրկին ակնարկեցին՝ դժգոհ են այն փաստից, որ իրենց «ամբաստանյալ»-ով են դիմում: Արտուշ Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Այդ բառից այդքան էլ մի նեղացեք, տղաներ, դա դատական ընթացակարգ է…լավ, այնպես կանեմ, որ երկրորդ անգամ այդ բառը հնարավորինս չկրկնվի»:
Ապա ամբաստանյալներից մեկը տեղից ակնարկեց, որ դատավորը կարող է իրենց «ապստամբ»-ով դիմել: Արտուշ Գաբրիելյանն ասաց՝ «ապստամբներ…», ապա շտապեց ուղղել խոսքը՝ «տղաներ…»:
Հավելենք, որ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը կրկին ներկա չէ նիստերի դահլիճում, քանի որ իր պնդմամբ՝ նիստերի մասնակցելը բացասաբար է ազդում իր առողջության վրա: Այսօր էլ, ըստ գրության, նրա ճնշումը բավականին բարձր է եղել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ