Հայաստանում տարեկան 15 ոչ աշխատանքային օր կա։ Այդ օրերին մենք նշում ենք մեր ազգային-եկեղեցական ու պետական տոները։ Իսկ գործող օրենսդրությամբ յուրաքանչյուր աշխատողին գործատուն պարտավոր է 28 օրացուցային օր վճարովի արձակուրդ տրամադրել։ Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող տարեկան, բացի շաբաթ-կիրակի օրերից, հանգստանում է 28 գումարած 15 օր։
Համեմատության համար կարելի է նշել, որ Ճապոնիայում ազգային տոնական օրերի քանակը 11 օր է, իսկ վճարովի արձակուրդը՝ ընդամենը 5 օր։ Մեր աշխատանքային օրենսդրությունը գրողները հավանաբար նման համեմատական տեղեկատվություն չունեին։
Ավելին՝ օրենսդրություն գրողներն ու այն խորհրդարանում վավերացնողների մեծ մասը խորհրդային մտավորական խավից էին։ Իսկ արձակուրդային օրերի քանակը խորհրդային մտավորականի միակ առավելությունն էր «հեգեմոն» բանվոր դասակարգի հանդեպ։ Բանվորական արձակուրդը խորհրդային «լճացման» տարիներին (փաստ, որին դժվար է հավատալ) ընդամենը 12 օր էր։ Աշխատանքային ստաժի կուտակման հետ բանվորներին հետագայում լրացուցիչ 3 օր էլ էր տրվում։
«Հեգեմոն» պրոլետարները հասարակական ակտիվ աշխատանքի մեջ ներգրավվելով՝ «դրուժիննիկ», կամ հասարակական կարգով իր ձեռնարկությունում հրշեջ աշխատելու դեպքում՝ լրացուցիչ ևս 3 արձակուրդային օր էին նվեր ստանում։ Բայց մեր մտավորական օրենսդիրներն այս մասին հավանաբար տեղյակ չէին ու բոլորի համար 28 օրացույցային օր վճարովի արձակուրդ արձանագրեցին։
Հարևանցիորեն ասենք, որ արձակուրդի այս չափն անմիջապես խթանեց տնտեսության ստվերային հատվածը։ Աշխատողին գրանցելու դեպքում գործատուն 11 ամիս աշխատանքով ապահովում է վարձու աշխատողին, աշխատավարձ վճարում և, ապա, պարտավորվում ևս մեկ ամսվա աշխատավարձ տրամադրել։ Ֆինանսական այս ծանր բեռը դարձավ պատճառներից մեկը, որ գործատուները չգրանցեն իրենց բոլոր աշխատակիցներին։
Հետո հանկարծ զարմացանք, որ չափազանց քիչ ենք աշխատում։ Այսինքն՝ քիչ արդյունք ենք ստեղծում։ Հետևաբար՝ տնտեսական իմաստով լավ չենք ապրում։ Ավելին, եթե ուսումնասիրենք պաշտոնական վիճակագրությունը, ապա պիտի ընդունենք, որ տարեցտարի մեր ստեղծած արդյունքը նվազում է։ Նվազում է՝ ի հեճուկս ՀՆԱ-ի աճի պաշտոնական ցուցանիշի։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում