Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է։ Այս մասին «Փաստ»-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն Արմավիրում կազմում է շուրջ 7,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,1%-ով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80,1%-ը, կամ 6 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,8%-ով։
Կանայք գործազուրկների թվի 61%-ն են կազմում, կամ 3,7 հազ. մարդ։
Այստեղ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21,7%-ը երիտասարդ է, 5,1%-ը՝ հաշմանդամություն ունեցող։ Ըստ վիճակագրության՝ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների 69,5%-ը գործազուրկ է։
Աշխատանք չունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման ոլորտների մասնագետները։ Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 81%-ը։
Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 6%-ը։ Այս մարզում աշխատանք չունեն թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողների 11,2%-ը։ Արհեստագործական կրթություն ունեցողների 1,7%-ն է գործազուրկ, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 11,1%-ը։
Աշխատանք չունի 16-29 տարեկանների 21,7%-ը։ 30-44 տարեկանների 40,9%-ն է գործազուրկ։ Աշխատանք չունեցողների 19,5%-ը 45-54 տարեկաններն են կազմում։ 55-ից բարձր տարիքի անձանց 17,9%-ն է այստեղ գործազուրկ։ Զբաղվածության հարցում մարզում մի շարք հիմնախնդիրներ կան։ Դրանցից առաջնայինները երկուսն են՝ համայնքների երիտասարդների թերզբաղվածությունն ու աշխատանքային միգրացիան։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում