ԱԱԾ-ի հայտնաբերած խմբի հետ կապված այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց. «Իհարկե, դա ծայրահեղ դրսեւորում է եւ ամեն ինչ պետք է անել`բացառելու նման դրսեւորումները մեր իրականության մեջ: Բայց բոլոր դեպքերում՝ ցանկացած երկրում էլ կարող են գտնվել ծայրահեղ մտածողության տեր մարդիկ եւ հանդես գան նման կոչերով: Բնականաբար, եթե այդ կոչերը պարունակում են հանցագործության հատկանիշներ, մեղավորները կպատժվեն»:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ ԱԱԾ-ն լավ է աշխատել. «ԱԱԾ-ի դերն այն է, որ ժամանակին կանխարգելիչ գործողություններ եւ միջոցառումներ ձեռնարկեն, այս իմաստով պետք է դրական գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը եւ ողջունել»:
Թե ինչո՞ւ են վերջին շրջանում անընդհատ նման խմբավորումներ ստեղծվում, սա չի՞ վկայում այն մասին, որ երկրում մարդիկ այլընտրանքային պայքարի ճանապարհներ չեն տեսում, օրինակ, արդար դատարաններ չկան եւ այլն`Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Իհարկե, սխալ եզրահանգումներ եք անում, որովհետեւ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության բավարար միջոցներ ունեն նախատեսված եւ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բնականաբար, պետք է ընտրեն օրինական ճանապարհներ`իրենց խնդիրները ներկայացնելու, հարցեր բարձրաձայնելու: Մենք պետք է ոչ միայն քննադատենք, այլ նաեւ դատապարտենք բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են բռնության հատկանիշներ եւ կոչեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ