Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ նման ահաբեկչական խումբը մի օր հարձակում գործի, տղաների փախուստը կազմակերպի…»

Դեկտեմբեր 14,2017 12:15

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե իսկապես ձեւավորվեր «Սասնա ծռեր 2», որովհետեւ մեր երկիրն իրոք կարիք ունի ապստամբների ու «Սասնա ծռեր 2-ի», այն որ ժողովուրդը պետք է ընդվզի ու այս ոճրագործ ու ցեղասպան ռեժիմին վտարի երկրից այդպես է: Բայց ձեր ասած անձի էջը թռուցիկ նայելով՝ նման կարծիքի չեմ եկել, պաստառներ էին մի քանի հատ տարածված»,- այսպես Aravot.am-ի հետ զրույցում արձագանքեց Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Սյուզան Սիմոնյանը՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հետախուզվող Ռ. Ք-ի մասին, որը facebook-ում, ըստ պաշտոնական տեղեկատվության, կեղծ տվյալներով՝ Մարտին Ավագյան անունով էր հանդես գալիս, պատրաստվում էր Հայաստանում հանցավոր խումբ ստեղծելով՝ ահաբեկչություններ իրականացնել:

Մարտին Ավագյանը facebook սոցիալական ցանցում Սյուզան Սիմոնյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների ընկեր է, անձամբ Սյուզան Սիմոնյանն ասաց՝ նրան չի ճանաչում, երկու օր առաջ է նրա գրառումները նկատել ու թռուցիկ էջը նայել: Թե ինչպես է այդ անծանոթը հայտնվել իր ընկերների ցանկում, Սյուզան Սիմոնյանը բացատրեց՝ իր էջն իր անձնական էջը չէ, այդ էջով «ելումուտ են» անում ու գրառումներ կատարում հարյուրավոր մարդիկ, այն հանրային էջ է ու շատ ընկերների չի էլ ճանաչում:

Նա վստահեցրեց, որ որեւէ տեղեկություն չունեն ահաբեկչություն կատարելու ծրագիր ունեցող այդ անձի մասին, ապա հավելեց, որ երեկ «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստից հետո, իր մեջ լուրջ կասկածներ են առաջացել, որ իշխանությունը ահաբեկչության իմիտացիա է ուզում ստեղծել, որ կեղծ ահաբեկչական խումբ առաջ քաշելով՝ վերացնեն «Սասնա ծռերին»:

Ըստ նրա, այդ կասկածներն առաջացան այն բանից հետո, երբ «Սասնա ծուռ» Մխիթար Ավետիսյանի վերաբերյալ օրեր առաջ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը փաստաթուղթ է ներկայացրել, որում նշված է, թե Ավետիսյանը փախուստի հակում ունեցող անձ է հայտարարվել և նրան ստիպել են ստորագրել և դրանով հավաստիացնել , որ փախուստի չի դիմի:

«Հնարավոր է՝ իշխանությունները ստեղծում են այդպիսի ահաբեկչական խումբ, չի բացառվում, որ նման խումբը մի օր հանկարծակի հարձակում գործի, տղաների փախուստը կազմակերպի, տղաները լինեն անտեղյակ այդ ամենից, փախցնեն, տանեն, սպանեն տղաներին ու իմիտացիա ստեղծեն, որ նրանք փախուստի են դիմել»,- հավելեց Սյուզան Սիմոնյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031