Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հակակոռուպցիոն ռազմավարություն՝ կառավարության կողմից

Դեկտեմբեր 14,2017 12:03

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:

Վարչապետն անդրադառնալով 2015 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությանը, ասաց, որ այս ժամանակահատվածում կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող մի շարք միջոցառումներ, ինչպես ասաց վարչապետը՝ դեռևս ընթացքի մեջ են: Սակայն հարկավոր է այս փուլում ձեռնարկել միջոցառումներ՝ նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. «Զուգահեռ պետք է ներդնել նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»:

Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, ինչպես նաեւ 30-օրյա ժամկետում ըստ ոլորտների մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարություն:

Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել գործող 4 ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետում ամփոփել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: Ըստ վարչապետի՝ պետք է նաև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն, ապահովելով դրա հասանելիությունը հասարակության լայն զանգվածներին:

Իսկ արդարադատության նախարարին վարչապետը հանձնարարեց նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ հստակ արձանագրել թիրախային ոլորտները, մոնիթորինգային և գնահատման ցուցանշները, ինչպես նաև ներկայացնել կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետն ասաց, որ նոր փաստաթղթի մշակման աշխատանքներին պետք է հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, իրավաբաններին, գիտնականներին և այլ շահագրգիռ մարմիններին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031