Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումները հատկապես մրգերի շուկայում մեկ ամսվա ընթացքում բավական զգալի են եղել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 14,2017 11:27

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ արձանագրված թանկացումները հատկապես մրգերի շուկայում մեկ ամսվա ընթացքում բավական զգալի են եղել։ Ըստ ԱՎԾ-ի՝ մրգերի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 11.9 տոկոսի թանկացում։ Ընդ որում, թանկացել են ոչ միայն թարմ կամ սառեցրած մրգերը, այլեւ չորացրածը։ Օրինակ՝ մրգերից վրացական մանր մանդարինը 290 դրամից դարձել է 340 դրամ, նարինջը 460 դրամից թանկացել է՝ դառնալով 540 դրամ, իսկ բանանը 590 դրամից դարձել է 650 դրամ եւ այսպես շարունակ։

Նախատոնական այս շրջանում թանկացել են նաեւ բնական հյութերը՝ 0.9 տոկոսով, զովացուցիչ ըմպելիքները՝ 0.1 տոկոսով։ Իսկ բանջարեղենը թանկացել է 17.3 տոկոսով։ Միայն կարտոֆիլը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 15.2 տոկոսով, իսկ բրոկոլին 700 դրամից դարձել է 1200 դրամ։

Ամանորի սեղանի պարտադիր աքսեսուարը՝ ավանդական խոզի բուդը, անմասն չի մնացել թանկացումից։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ խանութներում եւ սուպերմարկետներում խոզի բդի մեկ կիլոգրամը մի քանի օրերի ընթացքում թանկացել է 400- 500 դրամով, հիմա այն վաճառվում է 3300 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր 2800 դրամ արժեքով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մսի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրել է 1.7 տոկոսի գնաճ։ Կոնկրետ տավարի եւ հորթի միսը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 3.9 տոկոսով։ Երեկվա դրությամբ տավարի ոսկորով մսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 2900 դրամով, մինչդեռ օրեր առաջ տավարի ոսկորով մսի գինը 2800 դրամ էր։ Իսկ ահա տավարի ֆիլեի մեկ կիլոգրամը 4100 դրամից դարձել է 4300 դրամ։ Գառան, ոչխարի եւ այծի միսը եւս թանկացել է։ Այս դեպքում թանկացումը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կազմել է 2.6 տոկոս։ Գառան մսի մեկ կիլոգրամը ներկայումս վաճառվում է 3300 դրամով:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031