Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանալ Ռափայել Պատկանյանին

Դեկտեմբեր 14,2017 10:26

Հայաստանում ծառայող ռուսը ավելի հզոր է,
քան Հայաստանի կառավարությունը

ՀՀ կառավարությունն այսօր կորոշի դադարեցնել մի գնման պայմանագիր, որով նախատեսվում էր վերացնել ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 212-Ն որոշմամբ պետբյուջեից 12 միլիոն դրամ էր առանձնացվել «Հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումներ» ձեւակերպմամբ: Վթարի վերացման աշխատանքների կատարման համար ընտրված կապալառու ընկերությունը հասցրել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, սակայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կառավարությանն առաջարկում է դադարեցնել պայմանագիրը, «քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»: Ռուսական զորամասը համաձայնություն չի տվել: Վերջ: Ուրեմն Հայաստանում ծառայող մի ռուս ավելի հզոր է, քան Հայաստանի ողջ կառավարությունը: Ուրեմն ռուսների պետքը չի, թե կհեղեղվի Հայաստանի մեկ կամ, ասենք, հարյուր մեկ գյուղ, թե 1 կամ 100001 գյուղացի կմնա առանց բերքի ու եկամտի, թե Հայաստանի գյուղերն ու գյուղատնտեսությունը չեն զարգանա:

Երբ ռուսները Հայաստանի իշխանությանը չհանձնեցին մարդասպան Վալերի Պերմյակովին, բոլորը հիշեցին, որ հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ չգիտեմ էլ ինչի պայմանագրով ռուսական ռազմաբազաների տեղակայում նախատեսված է, բայց մարդասպանին պարտակել՝ ոչ: Պայմանագրով էլ նախատեսված է իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցություն: Հայաստանի հյուսիսում մարդասպանին պարտակելն ու Հայաստանի հարավը հեղեղումների ռիսկի թիրախում թողնելը չի խոսում ոչ բարեկամության, ոչ էլ փոխշահավետ համագործակցության մասին:
Հայ-թուրքական սահմանին էլ ռուս զինվորն է: Դե էն, որ բան չարեց, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները 2015 թվականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին կարճատեւ այցերով եղան Հայաստանի օդային տարածքում: Հիմա եթե Հայաստանի իշխանությունը տեղեկություն ունենա, որ թուրքերն անցել են Արաքսն ու մեր տարածքում տներ կամ գոմեր են կառուցում, ու կառավարությունը որոշի կանխել, դրա համար փող տա, իսկ ռուս զինվորն էլի թույլ չտա տարածք մտնել, էլի պիտի դադարեցնե՞նք աշխատանքը:

Ռափայել Պատկանյանի բառերով գրված հայտնի երգ կա՝ «Հիմի էլ լռե՞նք».
«Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կ՚ասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խօսեն,
Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին»:

Առաջին տարին չի, որ մարդիկ ասում են: Բոլորը լսում են՝ բացի Հայաստանի իշխանությունից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

14.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031