Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը վստահեցնում է, որ ինքը Բրյուս Լին չէ, Մարուքյանը պնդում է՝ «Բրյուս Լին մե՛նք ենք»

Դեկտեմբեր 14,2017 15:00

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ապրիլից հետո այլեւս մեկ անձ չի աստվածանալու,
«Ելքի» պատգամավորն էլ զգուշացնում է՝ անվերահսկելի վարչապետ է լինելու:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ «ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել»: Նա նաեւ ասաց, որ խորհրդարանական վերջին ընտրություններին բաժանված ընտրակաշառքը աղավաղել է ընտրությունների ամբողջ գործընթացը:

Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ եւ այդ ընտրակաշառքով ընտրությունների արդյունքները ճանաչել լեգիտիմ: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ասաց. «Այդ ընտրակաշառքն ընտրությունների արդյունքների վրա չի ազդել, որովհետեւ մարդը եկել, ընտրել է: Ամեն մի քվեաթերթիկի հետեւում կոնկրետ անձ է կանգնած, այդ առումով չի ազդել: Մենք չենք կարող ասել, որ քվեատուփում եղած քվեաթերթիկների քանակը չի համապատասխանում ընտրողների քանակի հետ, որոնք մասնակցել են»: Ըստ Ռուստամյանի՝ մարդիկ կարող էին կաշառքը վերցնել ու քվեարկել ում ուզում են, բայց չեն արել. «Քվեարկել են այնպես, ինչպես կաշառք տվողն է իրենց հորդորել, սա է իրավիճակը եղել»:

Մեր հարցին՝ երբ ասում եք, որ ընտրակաշառք բաժանվել է, պետք է ասեք նաեւ, թե կոնկրետ որ ուժն է բաժանել այդ ընտրակաշառքը, ով է բաժանել, Ռուստամյանը պատասխանեց. «Դե, ով բաժանել է, գիտենք, դրա մասին բազմիցս խոսել ենք, հիմա նորից հետ գնանք հետին թվով խոսե՞նք: Անուններով ոչ ոք չի կարողացել ասել»: Մեր դիտարկմանը՝ Դուք ասեք, Ռուստամյանն արձագանքեց. «Եթե ոչ ոք չի կարողացել, ես Բրյուս Լի՞ն եմ»:

Հարցին՝ չարաշահումներ թույլ տված գող համայնքապետերի համար Դուք ասացիք, որ մեր մեղքն էլ կա, թույլ ենք տվել, լռել ենք, բայց տեսեք՝ հիմա էլ եք լռում, ինչո՞ւ անուններով չեք խոսում, հետո էլի տարիներ կանցնեն, կասեք՝ գիտեինք, ուղղակի լռել ենք, թույլ ենք տվել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ես ձեր պատկերացրած այն անձը չեմ, որ օդում կրակեմ: Մարդկանց անուններ տամ, որոնց վերաբերյալ ես չունեմ բավարար հիմքեր: Երեւույթը գիտեմ՝ ասում եմ, ինչ գիտեմ, դրա մասին եմ խոսում, ինչ չգիտեմ՝ դրա մասին չեմ խոսում: Փաստեր կոնկրետ անձի վերաբերյալ չկան»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մեզ հետ զրույցում հակադարձելով Արմեն Ռուստամյանին՝ հայտարարեց. «Բրյուս Լին մե՛նք ենք: Զիբիլիքսի գործը հենց բրյուսլիական գործ է: ԱԺ ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի Զիբիլիքսի գործը՝ անուններով, հասցեներով, պաշտոններով այնտեղ կա: Ծայրից ծայր տվյալները կան՝ ոնց գնան տուն, մարդուն ոնց բարեւեն, զուգարանում փողը տա, թե ննջասենյակում տա, այդ ամեն ինչը գործում կա: Մենք տվել ենք անունները, դե բռնե՛ք: Իսկ Զիբիլիքսի գործը կոծկվել է, հիմա դատարաններում բողոքարկելով գնում ենք»:
Տեղական ինքնակառավարման մասին նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները մեկնաբանելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ այլեւս չարաշահումներ թույլ տված համայնքապետերին չեն կարողանալու ներել, էլ միջնորդություններ չեն կարող լինել, որովհետեւ մեկ անձից կախված չի լինելու դա:

Մեր հարցին՝ հին Սահմանադրության ո՞ր հոդվածն է թույլ տվել նախագահին չարաշահումներ անող գող համայնքապետին ներել՝ հաշվի առնելով միջնորդությունները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ մի Սահմանադրություն էլ չի ասում՝ գնացեք գողություն արեք, բայց Սահմանադրության դերն ու նշանակությունը նաեւ այն է, որ գողություն անելու պարագայում ստեղծված լինեն մեխանիզմներ, որ գողություն անողի ձեռքը բռնեն, սրա մասին է խոսքը: Սա է նոր Սահմանադրության մեխը: Որեւէ Սահմանադրություն չի խրախուսում հանցագործության կատարումը, այդպիսի բան գոյություն չունի աշխարհում, բայց Սահմանադրությունը մնում է թղթի վրա, քանի դեռ դրա տակ չկան մեխանիզմներ, որ հանցագործությունները կանխելու միջոցներ ցույց տա: Հիմա այդ գործիքները առաջանալու են»:

Հարցին՝ գողին բռնելու համար նախեւառաջ քաղաքական կամք պետք չի՞, եթե դա լիներ, չէի՞ն բռնի, նա պատասխանեց. «Քաղաքական կամք պետք է, բայց միայն քաղաքական կամքով հնարավոր չի, միայն քաղաքական կամքը բերում է քաղաքական կամքն ունեցողի աստվածացման: Տոտալիտար ռեժիմով է, քաղաքական կամք կա, ինքն անում է այն, ինչ ուզում է: Նման բաները ներվել են, որովհետեւ համակարգը եւ մնացած բոլոր մեխանիզմները դրա դեմն առնելու գործիքներ չեն ստեղծել: Մենք չենք ունեցել այսպիսի համակարգ՝ լինի Սերժ Սարգսյանը, թե դրանից առաջ մեկ այլ նախագահ»:

Իսկ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մեծ սուտ է, թե Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, իրականում ոչ մի փոփոխություն էլ չի լինելու, եթե հիմա Սերժ Սարգսյանի ձեռքում էր ողջ լծակները, նա էր որոշում, հետո էլ որոշելու է վարչապետը, էլի մեկ անձը. «Համապատասխան անհրաժեշտ լծակներ եւ լիազորություններ խորհրդարանին չեն պատվիրակել այսօրվա սահմանադրական օրենքները, որ մենք ընդունում ենք, դրանցով խորհրդարանը չի ստանում այն լծակները, որով կկարողանա փոխզսպել եւ հակակշռել գործադիր իշխանությանը: Հայաստանը դառնում է վարչապետական երկիր: Նախկին նախագահի լիազորություններով վարչապետ ենք ունենալու ու անվերահսկելի վարչապետ, հիշե՛ք, ամբողջությամբ որոշելու է մի մարդ, խորհրդարանն էլ չի կարողանալու իրեն հակակշռել: Հայաստանի խորհրդարանում չկա այն 30 տոկոսանոց ընդդիմությունը, որը պետք է լինի: Ընդդիմադիր ֆրակցիաներից մեկը «Ելք» դաշինքն է. որպեսզի «Ելքը», օրինակ, ՍԴ դիմի, պետք է գնա ԲՀԿ-ից ստորագրություն խնդրի, եթե ԲՀԿ-ն չստորագրի, մենք չենք կարող դիմել: Իրենք չեն ունեցել տեսլական, որ Հայաստանը խորհրդարանական երկիր դառնա, ամբողջ ուժը տեղափոխվում է հիմա գործադիր իշխանություն, եւ ապրիլից հետո էլ կտեսնեք, որ հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմներ չկան ու չեն լինելու: Եթե նախկին Սահմանադրությամբ նախագահն է ներել չարաշահող համայնքապետերին, հետո էլ վարչապետն է ներելու, ոչ մի փոփոխություն չի լինելու»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

13.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031