Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դիմացինդ հայատյաց մարդասպան բանակցող է

Դեկտեմբեր 14,2017 12:00

Մարդասպանին հերոսացնելու պետական քաղաքականությունը՝ գործողության մեջ

Փետրվարի 19-ին կլրանա Հայաստանի Զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը։ 2004թ. այդ օրը ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» խորագրի շրջանակներում Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարեց Գուրգեն Մարգարյանին։ Փետրվարի 19-ի առավոտյան Սաֆարովը մուտք էր գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին եւ պարանոցին կացնի 16 հարված էր հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից՝ գոռգոռացել է Սաֆարովի վրա եւ դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին գնացել էր մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ էր եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը եւ պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարեւանը թույլ չի տվել բացել դուռը։

Բուդապեշտի ոստիկանությունն այդ օրերին հայտարարեց, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը կատարվել է «անհավանական դաժանությամբ»: Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոպը նշել էր. «Մենք խոսում ենք անհավանական դաժանության մասին, քանի որ զոհի գլուխը գրեթե առանձնացած էր մարմնից»: Սպանությունից մեկ շաբաթ անց Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հստակ նշեց, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ ջանքերը Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար, եւ հավելել էր՝ «Ռամիլ Սաֆարովը կվերադառնա Բաքու»:

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006թ. ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշմամբ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես նախագահի կողմից ներում, նվերներ շնորհվեցին՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը, կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։ Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացրել են, նրան շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում:

Ասել, թե Ադրբեջանի այս քայլը խիստ անակնկալ էր՝ չափազանցություն կլինի: Ավելին՝ ամեն ինչ նույնիսկ խիստ օրինաչափ է. Ալիեւը վաղուց արդեն չի զարմացնում: Պետական մակարդակով հայատյացության քաղաքականությանը, մարդասպանին հերոսացնելու պետական քաղաքականությանը զարկ տալու հարցում նա չի խնայում «ջանքերը», նույնիսկ հիմա, երբ նրա ռեժիմի մասին միջազգային հեղինակավոր պարբերականների էջերում սկանդալային քրեածին բացահայտումներ են հրապարակվում:

Հիշեցնենք, որ աղմկահարույց՝ «Ադրբեջանական լվացքատուն» խորագիրը ստացած բացահայտումների շարքում նաեւ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործին անդրադարձ կար՝ Ադրբեջան-Հունգարիա հարաբերությունների համատեքստում: 2012թ., երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար էր փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հրապարակված զեկույցում նշվել էր, որ բացահայտված տվյալները ցույց էին տալիս, որ Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ: MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել էր Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված էր օֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ: Այսինքն՝ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել էր Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Իսկ 2014թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր:

Միջազգային հանրությունը, իհարկե, բավական կոշտ արձագանքեց Սաֆարովին հերոսացնելու՝ Ալիեւի քաղաքականությանը: 2012թ. սեպտեմբերին Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւ ընդունեց, որով դատապարտեց Ադրբեջանի նախագահի որոշումը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է է՛լ ավելի թեժացնել հայ-ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Բանաձեւը փաստում էր, որ Սաֆարովի ազատ արձակումը խախտել է նաեւ Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները։ Դատապարտելով մարդասպանի հերոսացումը՝ Եվրախորհրդարանի բանաձեւը մտահոգություն էր հայտնում նման ընդունելության համար՝ փաստելով, որ դա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար. «Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները եւ կարող է սասանել նաեւ ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները»:

Օրենսդիրներն առաջարկել էին քննարկել, թե որքանով է պատասխանատու եղել պաշտոնական Բուդապեշտը եւ արդյոք ստացե՞լ է անհրաժեշտ բոլոր երաշխիքները Սաֆարովին արտահանձնելուց առաջ: «Մենք պետք է քննադատաբար մոտենանք ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հունգարիային»,- նշել էր Ավստրիայի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը՝ ընդգծելով, որ Հունգարիայի վարչապետն էլ մեղքի իր բաժինն ունի, քանի որ անտեսել է իր իսկ վարչակազմի կողմից տրված զգուշացումները հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Բանաձեւում եվրոպացի օրենսդիրները աջակցություն էին հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Եվրամիության անդամ երկրների շարունակական ջանքերին, որոնց նպատակն է «թուլացնել լարվածությունը եւ երաշխավորել, որ տարածաշրջանում առաջընթաց լինի դեպի խաղաղություն»։

Հատուկ ընդունված լրամշակմամբ փաստաթուղթը նաեւ շեշտում էր, որ ԵՄ-ն պետք է առավել մեծ դերակատարություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ աջակցելով վստահությունը ամրապնդող միջոցառումների իրականացմանը, որոնք «կմերձեցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները եւ խաղաղության, հաշտեցման ու վստահության գաղափարներ կտարածեն բոլոր կողմերում»։
2012թ. սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ: Գորդոնը հավելել էր, որ Վաշինգտոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:

Ըստ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»: Հավելենք, որ Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո Սպիտակ տունը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել` խորին մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, եւ պարզաբանումներ էր պահանջել Ադրբեջանից եւ Հունգարիայից։
Հունգարիայի քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ խորհրդակցություն հրավիրեց ՀՀ-ում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ էլ նշեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: «Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ: Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին»:

2012թ. սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որտեղ իր ելույթում անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու ու ազատ արձակելու թեմային՝ նշել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում: Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը»: Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ «դա շատ կարեւոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ». «Մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված եւ հեռահար աշխատանք»:

Որքան էլ դաժան ու սարսափելի դեպքի առիթով ենք ստիպված արձանագրել, այնուամենայնիվ, պետք է ըստ արժանվույն «գնահատել» Ալիեւի պետական քաղաքականությունը: Նա այս տարիների ընթացքում հետեւողականորեն եւ նախանձելի համառությամբ ամեն ինչ արեց, որպեսզի ողջ աշխարհին ապացուցի, թե ինչու հայերն ու ադրբեջանցիները չեն կարող խաղաղ ապրել: Մի բան, որ մեծ ջանքեր կպահանջեր պաշտոնական Երեւանի կողմից ապացուցել՝ հրաշալի իրագործում է Ալիեւը: Իսկ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը տարիների ընթացքում տվեցին «պտուղները»՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, ապրիլյան պատերազմում արձանագրված դաժանություններն ասվածի վառ ապացույցներն են:

Իրականում Ալիեւը ինչ-որ առումով նույնիսկ «պարգեւ» է Հայաստանի եւ Արցախի համար: Առանց ավելորդ ճիգերի հենց ինքը՝ Ալիեւը, իր քայլերով է ողջ աշխարհին ապացուցում ու ցույց տալիս, որ հայերին համարում է թշնամի, իսկ դա նշանակում է, որ խաղաղություն հաստատելու, ԼՂ խնդիրը խաղաղ կարգավորելու պլաններ նա չի ունեցել երբեք եւ հիմա էլ չունի: Նրա միակ անելիքը «Ղարաբաղն անհապաղ վերադարձնելու» մասին շարունակական հավաստիացումներով կեղծ հայրենասիրական ճառերով իշխանություն պահելն է ու մարդասպաններին պետական մակարդակով պարգեւատրելը: Ուրիշ ոչինչ նրան չի էլ մնացել անել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031