Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանցահենության դեմ պայքարի համար պետք է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնել

Դեկտեմբեր 14,2017 14:00

ՈՉ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում համացանցում մենք ամեն օր հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների ենք ականատես լինում:

Ցանցահենները համացանցում տարբեր կազմակերպություններից ամբողջական նյութեր են պատճենում եւ առանց սկզբնաղբյուրին հղման՝ հրապարակում, վերահեռարձակում: Ցանցահենային գործունեությամբ զբաղվող մարդիկ, բացի բարոյական վնասից, նաեւ միլիոնների վնաս են պատճառում այս կամ այն կազմակերպությանը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր Կարեն Կոստանդյանը, Հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության համար հայաստանյան օրենսդրությունը կոնկրետ պատասխանատվության մեխանիզմներ է ենթադրում` քրեական պատասխանատվություն: Ըստ մեր զրուցակցի՝ մեր երկրում 2006 թվականից գործում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որով էլ կարգավորվում է դաշտը: ՀՀ Քրեական օրենսգիրքը նման դեպքերի համար նախատեսում է 158-րդ հոդվածը: Սույն հոդվածը հեղինակային կամ հարակից օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելն է:

«Ի՞նչ է իրենից ներկայացնում հեղինակային իրավունքի օբյեկտը: Դա լինում է տարատեսակ` ստեղծագործություն, հաղորդում, երաժշտական կատարում եւ այլն, սակայն նման խախտումները քրեական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեղինակին, հեղինակ հանդիսացող անձին կամ կազմակերպությանը պատճառված լինի նյութական վնաս»,- պարզաբանում է պարոն Կոստանդյանը: Ըստ նրա՝ հոդվածի առաջին մասը նախատեսում է զգալի չափի վնաս` տվյալ պահին սահմանված աշխատավարձի 50-ապատիկի չափով. «Եթե պատճառվել է վնաս, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է սահմանում նման արարքի համար: Հոդվածի երկրորդ մասը՝ 200 հազար դրամ եւ առավել վնասի դեպքում: Նշեմ, որ նման խախտումների պարագայում հեղինակը կարող է դիմել ե՛ւ դատարանի միջամտությանը, ե՛ւ իրավապահ մարմիններին»: Կարեն Կոստանդյանի ներկայացմամբ՝ հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման տարատեսակ ձեւեր կան, դրանցից մեկը հենց ինտերնետ միջավայրում ինտերնետ կայքերի միջոցով այս կամ այն կազմակերպությանը, անհատին հեղինակային իրավունքով պատկանող նյութը տարածելը, վաճառելն է:
«Այսօր կան տարբեր կայքեր, որտեղ կարող են տեղադրվել այդ հաղորդումները եւ դրանք օգտագործելով` գովազդի դիմաց գումար աշխատեն: Այստեղ պետք է հասկանալ` քանի՞ դիտում է կատարվել, ի՞նչ գովազդներ են տեղադրվել, եւ ընդհանրապես, նման գործունեությամբ զբաղվող անձը ինչքան շահույթ է ստացել: Հոդվածի մեջ ներառվում է, որ օրինախախտը պետք է շահադիտական նպատակ հետապնդի»,- ասաց Կարեն Կոստանդյանը:

«Առավոտի» հարցին, թե մեր երկրում որքանով է արդյունավետ տեսահենության դեմ պայքարը, արդյոք մեծ միջոցների հե՞տ է կապված, քանի որ չի բացառվում` ցանցահենը իր գործունեությունը ծավալի ասենք` աֆրիկյան երկրներից մեկում, որի հետքն այդքան էլ հեշտ չէ գտնելը, պարոն Կոստանդյանը պատասխանեց, որ դա բավականին բարդ գործընթաց է, քանի որ այսօր ինտերնետ տիրույթը բավականին ազատ է: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, երբ որ արդեն կա հարուցված քրեական գործ տվյալ դեպքի առթիվ, պարտադիր, պարտաճանաչ բոլոր հարցումները եւ բոլոր պահանջներն ուղարկում են երկրորդ պետությանը` լինի աֆրիկյան, թե եվրոպական. «Այստեղ արդեն արձագանքը կախված է երկրորդ պետությունից, այսինքն` եթե պահանջն է արգելափակել, շատ դեպքերում, եթե կա քրեական գործ եւ որոշում, նրանք այդ գործողությունն իրականացնում են, տեղեկություններ տրամադրում են»: Ըստ մեր զրուցակցի, սակայն, որպես կանոն, համագործակցում եւ նման տեղեկատվություն տրամադրում են ավելի շատ եվրոպական, ավելի քաղաքակիրթ պետությունները. «Հաճախակի լինում են դեպքեր, երբ որ քննչական մարմինը, ոստիկանությունը նման գրությունով դիմում է երկրորդ պետությանը, սակայն անպատասխան է մնում, այստեղ արդեն մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ շատ դեպքերում այդ Այ Փի (IP) կոչված հասցեները գրանցում են այնպիսի երկրներում, երբ տեղեկատվություն ստանալը բավականին բարդ է դառնում ե՛ւ կայքի վերաբերյալ, ե՛ւ կայքի օգտագործողի վերաբերյալ, դա արդեն, այսպես ասած, մեզնից չի կախված, այլ կողմից` ով որ պետք է տրամադրի տեղեկատվություն»:

Կարեն Կոստանդյանը կարծում է, որ այսպիսի հանցագործությունը նվազեցնելու համար պետք է հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնել` տարբեր հաղորդումների եւ ծանուցումների միջոցով. «Տեղեկացնել, որ նման գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության, քանի որ նրանց ստեղծագործած, հեղինակած աշխատություններն օրենքով պաշտպանված են: Սակայն խախտումներ արձանագրվելու դեպքում կարող են կամ դատարանի, կամ իրավապահ մարմինների միջոցով պաշտպանել սահմանադրորեն իրենց տրված իրավունքը: Շատ մարդիկ այսօր պատկերացնում են, որ դա լուրջ հարց չէ, բայց եթե Քրեական օրենսգրքով ունենք նախատեսած հոդված, ուրեմն պետությունը եւ իրավապահ մարմինները բավականին լուրջ են վերաբերվում այդ խնդրին եւ փորձում են ամեն կերպ աջակցել հեղինակներին»:
Կարեն Կոստանդյանի համոզմամբ՝ հեղինակներն իրենք էլ պետք է հետեւողական լինեն եւ ցանկացած խախտման դեպքում դիմեն իրավապահ մարմիններին. «Պետք է այս գործընթացն ավելի լայն տարածում ստանա, պետք է քաղաքացիները եւ նույն այդ անձինք, որոնք փորձում են օրենքը խախտել, իրազեկված լինեն իրենց կատարած արարքի մասին, որովհետեւ շատ դեպքերում ասում են` ես չգիտեի, որ նման բանը համարվում է օրենքի խախտում»:

Ըստ նրա՝ «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունը նույնպես զբաղվում է հեղինակային իրավունքի խախտման դեպքերի արձանագրմամբ. «Հեղինակները կարող են գրանցել իրենց աշխատությունները, եւ այդ կազմակերպությունը` շուկան կլինի, ինտերնետ տիրույթ կլինի, ուսումնասիրություններ է կատարում եւ խախտումներ արձանագրելու դեպքում հեղինակի անունից, քանի որ լիազորում է «Հայ հեղինակին» զբաղվել իր հեղինակային իրավունքներով, արդեն կարող է դիմել իրավապահ մարմիններին»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

13.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031