Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայրիկն իր գործով մի խազ ավելացրեց Կոմիտասի ժառանգությանը»

Դեկտեմբեր 14,2017 13:00

«Զարթոնք» ազգագրական երգի-պարի անսամբլի ղեկավար Գագիկ Սարգսյանը կարծում է,
որ հենց ազգագրական երգի ոլորտին պետք է աջակցել:

Երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյան անունը կես դարից ավելի է՝ կապվում է ազգագրական երգի հետ: Վարպետը հայտնի է նաեւ որպես ավանդական երգերի կատարող: Հայաստանի հանրային ռադիոյի «ոսկե ֆոնդում» են պահվում նրա շուրջ 200 երգերի կատարումները: Առաջին անգամ Հայրիկ Մուրադյանի ձայնը եթեր է հեռարձակվել 1965թ.: Երբ նրա դուստրը՝ Մարո Մուրադյանը Հեռուստառադիոպետկոմում 1980թ. հիմնադրեց «Ակունք» ազգագրական անսամբլը, վարպետն արդեն ղեկավարում էր «Զարթոնք» եւ «Վան» անսամբլները: Ողջունելի է, որ նրա որոշ սաներ հետագայում դարձան գործի շարունակողը:

«Առավոտը» հյուրընկալել էր «Զարթոնք» ազգագրական երգի-պարի անսամբլի ղեկավար Գագիկ Սարգսյանին: Նա 1979թ. Հայրիկ Մուրադյանի հիմնած «Վան» անսամբլի անդամ էր: Հայրիկի հիմնած երկու անսամբլները 1990-ականների սկզբներից դադարեցրին իրենց գործունեությունը: «Հայրիկի «Վան» անսամբլը (ղեկավարներ՝ Անդրանիկ Հովհաննիսյան եւ Հարություն Փանոսյան) 2011-ից վերսկսեց իր գործունեությունը: Ես էլ իմ համախոհների հետ 2015-ից շարունակում ենք «Զարթոնքի» գործունեությունը՝ Հայրիկ Մուրադյանի որդեգրած ավանդույթներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Փոքրիկ անդրադարձ կատարելով Հայրիկ Մուրադյանի կենսագրությանը, Գագիկ Սարգսյանը պատմեց, որ 1905թ. Վանի Ջնուկ գյուղում ծնված մանկան հետ ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր է կապել, օրինակ, տատը բարձի տակ պարան է դրել, ասելով՝ թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի, հայրը «Նարեկ» է դրել՝ թող գիտուն լինի, իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնն ու ասել՝ թող ֆիդայի դառնա: Իսկ քահանան մկրտելով նրան, Հայրիկ անունն էր տվել՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի: 54 անձից բաղկացած ընտանիքը 1915թ. բռնել է գաղթի ճամփան: Հասնելով Իրաք՝ ողջ են մնացել միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրը: 1921թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Հայրիկ Մուրադյանը սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Այդ տարիներին էլ նա ծանոթացել ու շփվել է տարբեր գյուղերի գեղջուկների հետ, որոնցից էլ գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր:

Հետո էլ մեջբերումներ արեց Հայրիկի մտքերից. «Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա թե ինչ է երգը: Հայրիկն իր գործով մի խազ ավելացրեց Կոմիտասի թողած ժառանգությանը»:

Դիտարկմանը, թե այսօր Հայրիկ Մուրադյանի եւ նրա դստեր հիմնած անսամբլների ելույթներն այնքան էլ հաճախակի չեն, մեր զրուցակիցը համակարծիք լինելով, հիշեցրեց աշնանը ճանաչված երգիչ, մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) նախաձեռնությամբ անցկացված «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նրա խոսքերով՝ նման միջոցառումները պարզապես անհրաժեշտ են թե Հայաստանում, թե Սփյուռքում: «Հաճախ հեռուստաալիքներով հրամցվում են ազգագրական երգեր, որոնք ոչ մի կապ չունեն հայկականի հետ: Օրինակ՝ վերջերս շնորհալի մի պատանի դիմել էր մեզ՝ «Զարթոնքում» ընդգրկվելու համար: Հիանալի ձայն ուներ, բայց կատարած մեկ-երկու երգերը քրդական էին՝ հայերեն տեքստերով: Այսօր տասնյակներով գործող ստուդիաներում դասավանդում են ազգագրական երգ, բայց պետք է բանիմաց ու ոլորտի մասնագետներ դրանով զբաղվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Զարթոնքի» գործունեությանը: Գագիկ Սարգսյանն ասաց, որ իրենց գլխավոր մտահոգությունը կադրերի խնդիրն է. «Կենդանի ելույթներից բացի, կարեւորում ենք նաեւ ձայնագրությունները: Վերջերս 4 երգ ենք ձայնագրել, որոնք Ամանորի օրերին կհեռարձակվեն Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքներից մեկով»:
Ռեպլիկին՝ աջակցության կարիք երեւի զգում են, Գագիկ Սարգսյանը պատասխանեց. «Անշուշտ, հենց ազգագրական երգի ոլորտին է անհրաժեշտ աջակցություն: Ախր Հայրիկը թողել է հոգեւոր, մշակութային ու գրական մե՜ծ ժառանգություն… Աջակցություն գտնում ենք մեր կապերի շնորհիվ: Այս տարի մշակույթի նախարարությունը ձեռք մեկնեց եւ ունեցանք ներկայանալի տարազներ: Ի դեպ, 1980-ին հրատարակվել է Հայրիկի «Հայրենի երգեր» ժողովածուն, իսկ նրա կատարած երգերից երկուսը 1970-ականների սկզբին տեղ են գտել Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» 4 ձայնասկավառակներից առաջինում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031