Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները թարգմանվում են հայերեն

Դեկտեմբեր 14,2017 12:30

Դեկտեմբերի 16-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ստեղծագործությունը բնագրից՝ գերմաներենից թարգմանել Վանուհի Բաղմանյանը: Նշենք, որ հրատարակչությունը բացառիկ իրավունք է ձեռք բերել հայերեն թարգմանելու եւ հրատարակելու Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները:

«Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը XX դարի գեղարվեստական նվաճումներից է: Հույժ բազմաշերտ ստեղծագործություն՝ նույնպիսի զգացմունքներ փոխանցող, ուստի կարդում ես մեկ շնչով՝ կորցնելով ժամանակի, անգամ՝ տարածության զգացողությունը: Վեպի թարգմանությունը հեշտ էր, թե ոչ, կպատասխանեմ այսկերպ՝ թարգմանությունը չի կարող հեշտ լինել, եթե մոտեցումդ ճիշտ է: Չմոռանանք, որ խոսքը բազմաբովանդակ վեպի մասին է՝ տարաբնույթ զգացմունքներ, կրքեր հաղորդող: Այդ ամենը նախ անցնում է թարգմանչի արյան միջով, տարրալուծվում, բառանում ու բառ առ բառ ապրվում նրանում, հետո նոր նրա հետ հաշտված՝ դուրս գալիս նրա միջից, փոխանցվում ընթերցողին: Այս վեպի թարգմանությունն ինձ համար համատեղ ապրված կյանք է Էրիխ Մարիա Ռեմարկի ու հերոսների հետ, որի համար անսահման երջանիկ եմ»,- մեզ հետ զրույցում նշում է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Նրա խոսքով՝ թարգմանություն կատարելիս միակ եւ լուրջ դժվարությունը սա է՝ հավատարիմ մնալ հեղինակին. չէ՞ որ թարգմանիչը միջնորդ է հեղինակի ու ընթեցողի միջեւ:

«Երեք ընկեր» վեպը գրքերի իմ նախընտրելի տասնյակում իր պատվավոր տեղն ունի: Վեպում արծարծված տարաբնույթ թեմաների համայնապատկերում, որոնցից են, օրինակ, ընկերությունը, քաղաքական զարգացումների՝ նացիզմի վերածվելու սպառնալիքը, Զալեւսկու՝ մանրբուրժուական հյուրատան կյանքը, գարեջրատները, սրճարանները՝ փողոցային կանանցով, ռոմը, մեքենաները եւ այլն, գերակայողը սերն է: Ռեմարկի մյուս վեպերում նույնպես կան սիրո գրավիչ պատմություններ, բայց դրանցից ոչ մեկում սիրո ապրումներն այնքան մեծ լարում չեն ստեղծում, իրական ու շոշափելի չեն, որքան այստեղ: Ռոբբիի եւ Պատի սիրո պատմությունը՝ հյուսված հետպատերազմյան քաոսի ու սարսափի մեջ: Վեպում եւ՛ սահմռկեցուցիչ լուրջ հատվածներ կան, եւ՛ շատ նուրբ հումոր՝ հատկապես կերպարների բնութագրման հարցում: Ըստ իս՝ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա կենտրոնական մի նախադասություն՝ ամբողջ երկի գաղափարն արտահայտող: Այս վեպում դա, կարծում եմ, հետեւյալն է՝ քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղել, կա՛մ լուրջ ընդունելով՝ ինքնասպան լինել»,-հավելում է թարգմանիչը:

Վանուհի Բաղմանյանի խոսքով՝ վեպի ասելիքը հստակ է ու դիպուկ: Ներկայացված են երիտասարդ ընկերներ՝ պատերազմն ուղղակի իմաստով իրենց մաշկի վրա զգացած, իսկ վեպում արդեն՝ դրա հետեւանքները քարշ տվող, բայց երբեք չհուսահատվող: Դրանք այն մարդիկ են, որ ընկել են, նորից բարձրացել, հուսահատվել են, բայց ամեն ինչ նորից են սկսել, մարդիկ, որ ստիպված են պայքարել գոյության համար, մարդիկ, որ գիտեին՝ ինչ է ընկերությունը, եւ գիտեին՝ ոչինչ է ճակատագիրը…

«Որպես ընթերցող՝ շատ սթափ եմ ու անհանդուրժող՝ կեղծ հուզականության հանդեպ, եւ միտումնավոր հուզահեղեղը հաճախ մեկընդմիշտ խզել է կապս այս կամ այն հեղինակի հետ: Այս գործը կարդալիս, պիտի խոստովանեմ, որ հուզվել եմ ու ինքս ինձնից, չգիտեմ ինչու, ամաչելով, արագ սրբել աչքերս, թեպետ կողքս ոչ ոք չկար»,-խոստովանում է գրքի թարգմանիչը:

Վանուհի Բաղմանյանը վստահ է՝ թարգմանելուց առաջ ուղղակի անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ հեղինակին, մտերմանալ նրան այնքան, որ թվա՝ շոշափում ես նրան, ապրում նրա հետ: Հակառակ դեպքում չես կարող հավատարիմ մնալ նրան:
Ի դեպ, Վանուհին հայերեն է թարգմանում նաեւ Ռեմարկի մյուս՝ «Հաղթական կամարը», «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Վերադարձ», «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը» եւ այլ գործեր, որոնք «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ շուտով կդրվեն ընթերցողի սեղանին:

 

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031