Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Հայաստանի ծանրորդները վերջին չորս տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել»

Դեկտեմբեր 13,2017 23:48

«Հայաստանի ծանրորդները 2014-ից 2017 թվականներին միջազգային հակադոպինգային կազմակերպություններին ընդհանուր առմամբ մեզի եւ արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել եւ հակադոպինգային կանոնների ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Այս հանգամանքը հաշվի առնելով, հնարավոր է, մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչեւ վեց ամիս եւ Հայաստանի հավաքականը ու եւս մեկ-երկու երկիր, կարողանան մասնակցել եկող տարվա գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին եւ դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին», – եկող տարվա ծրագրերի մասին մեզ հետ զրույցում պատմեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Մեր խնդրանքով նա խոսեց նաեւ դոպինգային սկանդալի մեջ հայտնված հայաստանցի ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված եւ սպասվող փոփոխությունների մասին:

«Արդեն որոշված է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Այս ընթացքում նա մարզվում էր՝ աշխատելով պատշաճ մարզավիճակ պահպանել: Դա լավ է: Տիգրան Մարտիրոսյանը ծանրորդի կարիերան ավարտելու ցանկություն է հայտնել: Նա իր այդ մտադրությունը հիմնավորում է նրանով, որ երկար ժամանակ չի մարզվել եւ տարիքն արդեն այն չէ: Հիմա Տիգրանը մտածում է ընտանիք կազմելու եւ նոր աշխատանքի մասին:

Ծանրամարտում ամռանը էական փոփոխություններ են սպասվում: Մինչեւ հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը կնվազեցվեն մեկով, կանանցը մեկով կավելանա: Թե տղամարդիկ, թե կանայք կմրցեն 10 քաշային կարգում, որոնցից երեքը օլիմպիական չի լինի: Իսկ թե որո՞նք կդառնան օլիմպիական քաշային կարգեր, առայժմ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո վերջնական որոշում կկայացվի:

Տոկիոյի օլիմպիական խաղերում մեկ ազգային ֆեդերացիային մինչեւ այժմ հատկացված առավելագույն վեցի փոխարեն կտրվի տղամարդկանց եւ կանանց չորսական տեղ:

Մի նորություն եւս. այն ծանրորդը, որն ուզում է հանդես գալ օլիմպիական խաղերում, այսուհետեւ պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում նա իր երազանքն իրականացնելու հնարավորություն չի ունենա: Դա արվում է, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի:

Մենք 2018 թվականի կարեւորագույն մեկնարկների նախապատրաստությունը կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից, երբ պետական աջակցության գումարները փոխանցված կլինեն: Բայց մինչ այդ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Թեեւ պետական աջակցությունը ծանրամարտին մեծ է, սակայն առանց պարոն Ծառուկյանի բազմակողմանի աջակցության մենք այս տարի 80 մեդալ չէինք կարողանա ձեռք բերել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031