ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բյուջեի հաշվին հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից օգտվող ու բյուջեի հաշվին ամենաշատը խոսացած պատգամավորներից մեկն է: 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Գագիկ Մինասյանը 493 հազար 287 դրամի խոսել է:
«Ենթադրում եմ, որ մեծ գումարները պետք է կապված լինեն այն հանգամանքի հետ, որ ես գործողումներից խոսել եմ Հայաստան կամ Հայաստանից եմ խոսել տարբեր երկրներում գտնվող իմ գործընկերների հետ: Ես ենթադրում եմ, որ հիմնական գումարը դրանով է պայմանավորված: Բացի այն, որ ես մեր հանձնաժողովի նախագահն եմ, ես երկու ուրիշ առաքելություններ ունեմ, նախ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում եմ մեր պատվիրակության ղեկավարը եւ հայ-իսրայելական բարեկամության խմբի ղեկավարն եմ:
Օրինակ, երբ վերջերս ես Կիեւում էի, Սեւծովյան վեհաժողովի ժամանակ անհրաժեշտ էր բավականին երկար բանակցություններ վարել մեր արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ այդ իրավիճակի հետ կապված եւ բանակցությունները վարվում էին ոչ միայն Երեւանում գտնվող աշխատակիցների, այլեւ մի աշխատակցի հետ, որը գտնվում էր Ավստրիայում»,- այսպես է պարզաբանում Գագիկ Մինասյանը:
Նախկին պատգամավոր, այժմ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը նույնպես ահռելի գումարների չափով հեռախոսով խոսել է բյուջեի հաշվին այս հունվար-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ պատգամավոր է եղել: Բյուջեին հասցրած «վնասը» նրա կողմից կազմել է 636 հազար 504 դրամ:
Փոխնախարարի պարզաբանմանը դեռ սպասում ենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ