Ամիսներ առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ԵՄ-ն պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս արցախյան հակամարտության կարգավորումից հետո՝ «հետեւաբար, երբ հակամարտությունը լուծվի եւ երբ խաղաղություն լինի Լեռնային Ղարաբաղում, Եվրամիությունը պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել տեղի բնակիչներին»:
Հայաստանն ու ԵՄ-ն նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի՞նչ հնարավորություններ է տեսնում Արցախը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար՝ այդ համաձայնագրի կիրառման համատեքստում, հարցրեցինք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին:
«Մենք, իհարկե, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը նպաստում է Հայաստանի Հանրապետության հզորության բազմապատկմանը», նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով.
«Ինչ վերաբերում է Արցախի եւ ԵՄ միջեւ հարաբերություններին, մինչ օրս Եվրամիության ներգրավվածությունն Արցախում սահմանափակ էր՝ արտահայտվելով բացառապես հանրային դիվանագիտությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությամբ։ Մենք բազմիցս նշել ենք, որ հասունացել է ԵՄ եւ Արցախի միջեւ փոխգործակցության հաստատման եւ, առաջին հերթին, մեր հանրապետությունում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ու վերափոխումներին ԵՄ աջակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, այդպիսի բնագավառների թվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ անկախ ԶԼՄ-ների զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունն ու դատական համակարգի կատարելագործման օժանդակումը։ Փոխգործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ աջակցությունը տեղական ինքնակառավարման բնագավառում բարեփոխումներին։ Վերջերս մենք Բրյուսելում հայտարարել ենք, որ Արցախը պատրաստ է եւ բաց նման համագործակցության համար՝ անկախ հակամարտության համապարփակ կարգավորումից, ուստի եւ սպասում ենք ԵՄ կողմից ընդառաջ քայլերի»։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք դեկտեմբերի 14-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ