Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուշեղը դուրս եկավ, չէր կարողանում քայլել, հայրս էր թեւն ընկած բերում». Գեղեցկության սրահում տեղի ունեցածի մանրամասները

Դեկտեմբեր 13,2017 18:30

«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականին տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում հարցաքննված երկրորդ վկան Սերժ Վարդանյանն էր: Նա այս գործով մեկ այլ վկա Արա Վարդանյանի (հայտնի «Ճվճվ Արո») որդին է:

Ըստ վկայի՝ դեպքի օրը Չարբախում իր ծանոթներից մեկին է հանդիպել, վերադարձրել պարտքն ու գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ այնտեղ գտնվող հորն ու Մուշեղ Մուշեղյանին վերցնելու համար.

«Մուշեղը դուրս եկավ, չէր կարողանում քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Նրան նստեցրինք մեքենան ու տարանք հիվանդանոց: Մեքենայի մեջ Մուշեղը պատմեց, որ ինքը կրակել ա, բայց կիքս ա տվել, իրեն էլ դանակով են խփել: Մուշեղին իջեցրել եմ հիվանդանոց ու հեռացել եմ, էլ ոչ մի բանից տեղյակ չեմ »:

Հիշեցնենք, որ գեղեցկության սրահում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հրաձգության հետեւանքով մահացել էին Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն Պետրոս Իսրայելյանին՝ հայտնի չարբախցի Գեղամ մականունով: Նա մեղադրվում է, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Ալիկ Բանդուրյանին, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Իսկ Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031