Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրող Թերեզա Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը (լուսանկարում) ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի («Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված բժիշկը, որը վերջերս կյանքից հեռացավ) նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։
Այսօր շարունակվեց նրա նախաքննական ցուցմունքների հրապարակումը, քանի որ Թերեզա Սարգսյանը չէր ցանկացել դատարանում ցուցմունք տալ եւ պնդել էր իր նախաքննական ցուցմունքները: «Ես Թերեզա Օհանյանին չեմ հանդիպել, նրանից գումար չեմ պահանջել: Երբեւէ չեմ գտնվել նրա տան բակում եւ չգիտեմ էլ, թե որտեղ է բնակվում: Վստահ եմ, որ Օհանյանը գումար չի տվել Վարսիկ Մկրտչյանին (նա մերսող է, որի ծառայություններից օգտվել են Թերեզա Օհանյանն ու Թերեզա Սարգսյանը), իսկ եթե տվել է, թող նրանից էլ պահանջի: Ինձ մեղադրում են մի բանում, որից անտեղյակ եմ: Կարծում եմ՝ Մկրտչյանն է նրանից գումար պահանջել եւ ստացել»,-ասված է Թերեզա Սարգսյանի նախաքննական ցուցմունքում:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Օհանյանն ու Մկրտչյանը մտադրվել են խոչընդոտել իր հեղինակային գրքի հրապարակմանը, որում Թերեզա Սարգսյանը ցանկացել է գրել ցմահ ազատազրկվածների, այդ թվում՝ Էդիկ Գրիգորյանի մասին:
Նախաքննական ցուցմունքներում Թերեզա Սարգսյանը նշել է նաեւ, որ Վարսիկ Մկրտչյանը եւ Թերեզա Օհանյանն իր դեմ դավեր են նյութել, մտադրվել պիտակավորել իր անձն ու համբավը:
Թերեզա Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ալվարդ Դաբաղյանը դատավորին ներկայացրեց նաեւ Սարգսյանի անձը բնութագրող փաստաթղթերը՝ լրագրողական հավատարմաքարտեր, «Հայ գրողների եւ լրագրողների միության» անդամատոմս, շնորհակալագրեր, պատվոգրեր, Թերեզա Սարգսյանի՝ Արցախյան ազատամարտում եւ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ունեցած ներդրման մասին մարտական ընկերների գրությունները: Պաշտպանը փաստեց, որ Թերեզա Սարգսյանը գրքերի եւ հոդվածների հեղինակ է, իսկ ռազմահայրենասիրական հ/կ-ների կողմից արժանացել է «Քաջարի մայր ասպետ» շքանշանի, «Ազատագրում» եւ «Մայրական երախտագիտություն» մեդալների, «Ասպետաց փոխգնդապետի» կոչման:
Դատարանին ներկայացված փաստաթղթերին կցված էր նաեւ Կողբավան սահմանամերձ համայնքի ղեկավարի գրությունն առ այն, որ Թերեզա Սարգսյանը համայնքի համար բարեգործություն է կատարել:
Այս գործի դատաքննությունն այսօր այսքանով ավարտվեց: Հաջորդ նիստում՝ 2018թ. հունվարի 17-ին՝ ժամը 17 00-ին, գործով մեղադրող-դատախազ Արծրունի Առաքելյանը կընթերցի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ Թերեզա Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ