«Ստատուս քվոն որպես նպատակ ամրապնդվում է, բայց գտնում եմ, որ բավարար չէ, քանի որ դրա հիմքում ընկած են մադրիդյան պիղծ սկզբունքները, որոնք մնում են սեղանի վրա: Այլ փաստաթուղթ սեղանին չկա»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունն ամենևին էլ սառեցված չէ, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այսինքն՝ դա շատ հատկանշական է, քանի որ բնութագրում է՝ ինչ պատկերացում ունեն անգամ Ֆրանսիայում, որին համարում ենք Հայաստանի հանդեպ ավելի հավասարակշռված, դրական մոտեցում ունեցող երկիր»:
Ըստ տիկին Ալավերդյանի՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո ի վերջո չգիտենք՝ Ադրբեջանը բացի մի քանի մարդ Կասպրշիկի առաքելությունում ավելացնելուց համաձայնե՞ց այլ բաների հարցում: Տիկին Ալավերդյանը նկատեց, թե Լավրովն էլ էր այդ մասին շատ հեղհեղուկ արտահայտվել:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Արցախի շուրջ բավականին հետաքրքիր բաներ տեղի ունեցան՝ Քրդստանի, Կատալոնիայի հայտարարությունները: Այս առիթով տիկին Ալավերդյանը վստահեցրեց, թե անջատումները դեռ կշարունակվեն, քանի որ Եվրոպայի գրեթե բոլոր պետություններն ունեն իրենց Ղարաբաղները: Ըստ տիկին Ալավերդյանի՝ ուժի կիրառումը դարձել է թրենդ և տեղի է ունենում անընդմեջ զենքի կուտակում. «Այս առումով որևէ խնդիր սկզբունքորեն Արցախի համար լուծված չէ, բացի նրանից, որ կա ժողովրդի և իշխանության կողմից արտահայտված կամքը»:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համար ևս մադրիդյան սկզբունքները պիղծ են: Ըստ նրա՝ 2017-ին հակամարտության կարգավորման առումով որևէ էական զարգացում տեղի չի ունեցել. «Բոլորս էլ հասկանում ենք, որ տարածքների զիջումից հետո հետաձգված կարգավիճակի հստակեցումն ու մնացած բաներ տեղի չեն ունենալու»:
Արա Պապյանի համոզմամբ՝ Ադրբեջանը վարում է մաշեցնող քաղաքականություն և եթե չի համաձայնում անգամ մադրիդյան սկզբունքներին, հետևաբար չի ցանկանում՝ հակամարտությունը կարգավորվի:
Արա Պապյանը խնդրի լուծումը տեսնում է՝ քիչ զոհերի գնով և նոր տեխնիկական հնարավորություններ կիրառելով:
Ամփոփելով պարոն Պապյանն ասաց. «Գուցե հակամարտության սկզբում հույսեր ունեինք, որ կարելի է լեզու գտնել Ադրբեջանի հետ, բայց հիմա ակնհայտ է, որ իրենք չեն ուզում»:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը մեջբերում կատարեց թուրքական կողմից հնչող մեկնաբանություններից. «Եթե ուշադիր լինենք, թուրքերը հիմնականում հայհոյում ու հեգնում են երկու բան, մասնավորապես՝ գլխավորը միացում բառն է: Ասում են՝ ձեր միացումը, ձեր միացումը: Դա նշանակում է, որ մեր թույլ կողմը թուրքի համար միացումն է: Մենք ենք այդ ուժեղ կողմը դարձրել թույլ: Սկզբից խորամանկություն էինք անում, թե երկու պետություն ենք՝ Արցախ, Հայաստան, հետո սկսեցինք մենք էլ դրան հավատալ: Բայց մինչև հիմա ռոումինգ ես անում մի երկրի մեջ, որի մասին ասում ենք հայկական հանրապետություն, կամ ունենք երկու կառավարություն՝ ՀՀ-ի և Արցախի, բայց գոնե թղթի վրա դրանք իրար վերահսկող չեն, սակայն միևնույն ժամանակ մեր նորակոչիկներն Արցախ են գնում, Արցախում ծառայող զինվորականները կարողանում են գալ ու ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնել: Աշխարհին խաբում, խաբում ենք, մե՞զ ինչու ենք խաբում: Այնքան խաբեցինք, որ հիմա թուրքը խփում է միացմանը»:
Պարոն Վարդանովը նաև անդրադարձավ գեներալներին ու հարց բարձրացրեց՝ այսքան գեներալ ինչների՞ս է պետք. «Ոնց որ հատուկ գեներալների պառնիկ ենք դրել: Կորպուսի հրամանատարը գնդապետից բարձր չպետք է լինի, փոխնախարարները գեներալի կոչում պետք է ստանան առավելագույնը թոշակի անցնելուց, վարչության պետերը չպետք է իմանան՝ գեներալն ինչ բան է»:
Անդրադառնալով ընդդեմ տարկետման իրավունքի պայքարող երիտասարդներին և նրանց՝ հասարակական աջակցությանը, պարոն Վարդանովն ասաց. «Չեմ հասկանում՝ ինչպես են աջակցում մարդկանց, որոնք ամեն ինչ անում են, որ իրենց պարտականությունը չկատարեն: Ինչո՞ւ պետք է իմ երեխան գնա ծառայության, իսկ ինքը՝ ոչ, թեկուզ հետագայում իմ թոռներին պաշտպանելու: Ու հասարակությունն ընդունում է դա, քանի որ ՊՆ-ում ինչ-որ պաշտոնյա լավը չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ