Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա դատապարտյալներին տեսազանգի հնարավորություն կտան

Դեկտեմբեր 13,2017 17:28

Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, կտրամադրվի ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Ինչպես նախագծում ներկայացնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տեսազանգի հնարավորություն կընձեռվի նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից: Եթե կառավարությունը նախագիծը հաստատի, ապա դրա հնարավորությունը կալանավորված անձանց կընձեռվի եկող տարվա նոյեմբերի 1-ից:

Տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Համաձայն նախագծի, տեսազանգը կազմակերպվելու է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:

Նախագծի նպատակն, ըստ Դավիթ Հարությունյանի, կալանավորված անձանց եւ դատապարտյալների կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ պահպանելն է` նրանց իրավունք վերապահելով ունենալ տեսակցություններ, հեռախոսազանգեր, վարելու նամակագրություն եւ այլն:

«Դատապարտյալի ուղղման և վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը: Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը նպաստում է նաև անազատության մեջ գտնվող անձանց օրինապահ վարքագծի խթանմանը և նրանց մոտ առողջ կենսակերպի ամրապնդմանը»,-նախագծի անհրաժեշտությունը նաեւ այսպես է հիմնավորել արդարադատության նախարարը` վկայակոչելով Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հաշվետվությունը, որտեղ կարեւորվել է ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապը, որի ապահովման նպատակով նրանց պետք է տրամադրվեն իրենց մերձավոր ազգականների հետ հարաբերությունները պահպանելու ողջամիտ հնարավորություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031