Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Հարգելի Նիկոս,
Տիկնայք և պարոնայք,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ և գործընկեր Նիկոս Կոձիասին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար:
Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդաբար խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ:
Մենք հաճախ հանդիպում ենք նախարար Կոձիասի հետ միջազգային տարբեր հարթակներում: Վերջերս ես հյուրընկալել էի նրան Երևանում և այժմ ուրախ եմ գտնվել Աթենքում՝ շարունակելու մեր քննարկումները:
Այսօր ավելի վաղ ես պատիվ ունեցա հանդիպել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին և մտքեր փոխանակել հայ-հունական հարաբերությունների շուրջ:
Իմ այցը մեկնարկեց Արտաքին գործերի նախարարությունում երեկ ունեցած դասախոսությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար՝ ներկայացնելու տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք առաջնահերթությունների շուրջ մեր մոտեցումները:
Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձանք անցյալ տարի Հայաստանի Նախագահի՝ Աթենք կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Ինչպես նշեց նախարար Կոձիասը, մենք քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձանք քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրի, պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում գործընկերության ակտիվացման ուղիներին:
Մտքեր փոխանակեցինք մեր տնտեսական հարաբերությունների ներուժի վերաբերյալ, որոնք կարող են ընդլայնվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների և գործարար ֆորումների կազմակերպման միջոցով: Քննարկվեցին նաև Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում առկա ներուժի օգտագործմանը, Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Ընդգծեցինք, որ երկու երկրների միջև առկա ամուր իրավական դաշտը, որը կարող է հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար: Այս համատեքստում, Երևանում կայացած մեր հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել էինք նախարար Կոձիասի հետ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որպեսզի ամփոփվի կատարված աշխատանքը և ուսումնասիրենք նոր ուղիներ: Ուրախ եմ, որ այդ խումբն արդեն իսկ ստեղծվել է և անգամ այս տարի հոկտեմբերին Աթենքում անցկացրել առաջին հանդիպումը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և Հունաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորությամբ:
Երևանում գործընկերոջս հետ նաև քննարկեցինք մեծաթիվ հայկական և հունական սփյուռքների միջև համագործակցության հնարավորությունները: Այսօր մենք շարունակեցին այս թեմայով մտքերի փոխանակությունը: Ուրախ եմ, որ մեր երկու նախարարությունները ակտիվորեն ներգրավված են այս կապերի ամբողջական ներուժն բացահայտելու գործում:
Կարևորեցինք մեր խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ այցերը կարող են խորացնել մեր խորհրդարանների միջև երկխոսությունը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Բանակցությունների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցության ակտիվացումը, մասնավորապես ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում:
Ինչպես հավանաբար տեղյակ եք, հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որը միավորում է 84 երկրներ, այդ թվում և Հունաստանը: Ես ներկայացրի գործընկերոջս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Մի քանի օրից Հայաստանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, և այս համատեքստում անդրադարձ կատարեցինք Կիևում կայանալիք ՍԾՏՀԿ նախարարական հանդիպմանը:
Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում, մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Եվրամիության միջև համագործացկության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: Անդրադարձանք Կիպրոսի հիմնախնդրին: Նախարար Կոձիասը ներկայացրեց այս ուղղությամբ վերջին զարգացումները: Հայաստանը աջակցում է այս հարցում Հունաստանի և Կիպրոսի ջանքերին:
Ես ներկայացրեցի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:
Իհարկե մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Հարգելի Նիկոս,
Կրկին շնորհակալություն ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար:
https://www.youtube.com/watch?v=B-jDVErbVaQ
ՀՀ ԱԳՆ