Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուշեղը, բռնելով Գեւորգի պարանոցից, սկսեց կրակել, նիշե էր սարքել»

Դեկտեմբեր 13,2017 16:43

Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականին տեղի ունեցած սպանության գործով այսօր հարցաքննվեց գործով վկա Արսեն Սիմոնյանը:

Նա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պատմեց, որ դեպքի օրը գնացել էր «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու. «Վարսավիրը զբաղված էր, ասի իջնեմ ներքեւ, տեսնեմ ինչ է անում Գեղամը (գեղեցկության սրահի տնօրեն Պետրոս Իսրայելյանը, որը հայտնի է չարբախցի Գեղամ անունով): Ինքը էդտեղ չէր, Գոռն էր (Գեղամի տղան): Գոռի հետ խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (հրաձգության արդյունքում սպանվածը), վիճաբանություն սկսվեց նրա եւ Գեւորգի միջեւ»:

Ըստ վկայի՝ Մուշեղ Մուշեղյանը Գեւորգից գումար էր պահանջում. «Մուշեղն ու Գեւորգը կոպիտ ձեւով իրար հետ խոսացին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորն էլ` նրան, հետո Մուշեղը հարձակվեց Գեւորգի վրա, կրակեց, Գեւորգն էլ նրա վրա հարձակվեց դանակով»:

Վկայի պատմելով՝ ինքը դեպքից շոկի մեջ էր ու փախել է դուրս, նստել մեքենան ու հեռացել դեպքի վայրից:

Հրապարակվեց նաեւ վկայի նախաքննական ցուցմունքը. վկան պատմել էր, որ Իսրայել Պետրոսյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, դեպքի օրը գնացել էր մազերը կտրելու, Գեղամն այնտեղ չի եղել, տեսել է նրա որդուն՝ Գոռին, այնտեղ են եղել նաեւ Արամն ու Գեւորգը: Հետո,վկայի հիշելով, եկել են 3-4 անձինք, այդ թվում Մուշեղ Մուշեղյանը, որը շքամուտքի մոտ ասում էր՝ «էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա լավը…»:

Ըստ վկայի՝ դրանից հետո Մուշեղը կրակել է Գեւորգի վրա, վերջինս դանակով հարձակվել է նրա վրա. «Մուշեղը, բռնելով Գեւորգի պարանոցից, սկսեց կրակել, նիշե էր սարքել»:

Հիշեցնենք, որ դեպքի օրը մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք նաեւ, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031