Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամները 2017 թվականի դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 11:47-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի քարտուղարուհուց էլեկտրոնային նամակ են ստացել, որից պարզ է դառնում, որ Գյումրու ավագանու հանձնաժողովների միացյալ նիստ է գումարվելու դեկտեմբերի 14-ին ժամը 15-ին: Կից ուղարկվել են այդ նիստի օրակարգի նախագիծը և որոշումների նախագծերը:
Գյումրու ավագանու կանոնակարգի 62-րդ հոդվածով սահմանված է, որ Գյումրու ավագանու հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմում և հանձնաժողովի անդամներին է տրամադրում հանձնաժողովի նախագահը նիստից առնվազն երկու օր առաջ[1]: (https://www.gyumricity.am/Decision2016/Decision.10.11.2016/171.1.pdf)
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է, որ խախտվել է ավագանու կանոնակարգի երկու պահանջ միաժամանակ: Մասնավորաբար.
1.Ավագանու կանոնակարգով սահմանված՝ ավագանու հանձնաժողովի նիստի մասին իրազեկումը իրականացնելու համար նախատեսված առնվազն երկօրյա ժամկետի փոխարեն իրազեկվել է մեկ օր առաջ: «Երկօրյա ժամկետ» հասկացությունը ողջամիտ մեկնաբանությամբ ենթադրում է 48 ժամ, այնինչ նիստի մասին իրազեկվել է 27 ժամ առաջ:
2.Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամներին հանձնաժողովի նիստի մասին իրազեկել են ոչ թե հանձնաժողովների նախագահները, այլ աշխատակազմի քարտուղարի քարտուղարուհին:
Վերոհիշյալ հանգամանքները և հատկապես ավագանու հանձնաժողովների միացյալ նիստի մասին ուշացած տեղեկացումը իրական դժվարություններ է ստեղծում խմբակցության անդամների մասնակցության համար: Անհավանական համարելով, որ ավագանու հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի քարտուղարը անտեղյակ լինեին ավագանու կանոնակարգի պահանջներին, «ԳԱԼԱ» խմբակցությունը չի բացառում, որ այսօրինակ իրազեկումը դիտավորյալ է ուշացվել, որպեսզի նվազագույնի հասցվի ավագանու այս խմբակցության անդամների մասնակցությունը հանձնաժողովների միացյալ նիստին:
Վերոհիշյալ հիմքով, խնդիրը կարգավորելու նպատակով Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցությունը դիմում է Գյումրու քաղաքապետին և ավագանու հանձնաժողովների նախագահներին՝ հետևյալ պահանջներով.
1.Հարգել Գյումրու ավագանու 2016թ. նոյեմբերի 10-ին ընդունած Գյումրու ավագանու կանոնակարգի պահանջները. այսուհետ ավագանու հանձնաժողովների նիստերը հրավիրել կանոնակարգի պահանջած նորմերին համապատասխան:
2.Հնարավորության դեպքում հետաձգել դեկտեմբերի 14-ին ժամը 15-ին հրավիրված ավագանու հանձնաժողովների միացյալ նիստը և նոր ժամկետում այն նշանակելու դեպքում ավագանու անդամներին իրազեկել այդ մասին կանոնակարգում սահմանված կարգով:
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցություն
Արմենուհի Վարդանյան
Քրիստինա Մկրտչյան
Արման Գրիգորյան
Լևոն Բարսեղյան
[1] https://www.gyumricity.am/Decision2016/Decision.10.11.2016/171.1.pdf