Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Անդրիասյան. «2017 թվականը հայկական շախմատի համար մեծ նվաճումների տարի էր»

Դեկտեմբեր 13,2017 16:37

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները՝ նշելով, որ 2017 թվականը հաջող տարի էր հայկական շախմատի համար:

«Հայաստանում ինը միջազգային մրցաշար անցկացվեց, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դրանց շարքում կարելի է նշել «Երեւան օփենը», «Ծաղկաձոր օփենը», Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլը, Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, «Սեւանա լիճը», որը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի մրցաշար էր:

Այս տարի մեր շախմատիստները պատվով դրսեւորեցին իրենց միջազգային ասպարեզում: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը փայլուն արդյունքներ գրանցեց միջազգային գերհզոր մրցաշարերում: Նա շատերի կարծիքով տարվա լավագույն շախմատիստն է: Լեւոնը հաղթեց «GRENKE Chess Classic»-ում (Գերմանիա), «Norway Chess»-ում (Նորվեգիա), Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում: Ընդ որում, Նորվեգիայի մրցաշարը, որին մասնակցում էին միջին վարկանիշային 2797 միավոր ունեցող տասը ուժեղագույն գրոսմայստերներ, առանց չափազանցության շախմատի պատմության ուժեղագույն մրցաշարը կարելի է համարել, իսկ Վրաստանի մայրաքաղաքում հաղթանակը նրան եկող տարի Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր բերեց: Լեւոն Արոնյանը միակ շախմատիստն է, որն Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող է: Արոնյանի ձեռքբերումներին ավելացնենք նաեւ Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում գրանցած հաղթանակը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին՝ չորրորդ փուլում երկրորդ տեղը միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Ուրախացրին նաեւ պատանիները: Սոնա Ասատրյանը դարձավ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, Մանուել Պետրոսյանը նվաճեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը ընդգրկված էր աշխարհի պատանեկան խորհրդանշական հավաքականում, որը հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի պատանիների հավաքականի հետ: Այնտեղ հայաստանցի շախմատիստն առաջին խաղատախտակի առջեւ առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող առաջատար պատանի շախմատիստներ Ջեֆրի Սյունի եւ Սամուել Սեւյանի նկատմամբ եւ մեծ ներդնում ունեցավ թիմի հաղթանակի գործում: Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը հաջող հանդես եկան այս տարի Ջերմուկում կայացած պատանեկան «Գրան Պրիի» փուլում, զբաղեցնելով երկրորդ եւ երրորդ տեղերը: Արամ Հակոբյանը բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում:

Մեծահասակ շախմատիստների հաջողություններից կարելի է նշել վերջերս Լոնդոնում ավարտված Chess Classic FIDE OPEN մրցաշարը, որտեղ Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ: Չէին զիջում նաեւ մեր վետերանները: Կարեն Մովսիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում արծաթ նվաճեց:

Շախմատային տարին դեռ շարունակվում է: Այս օրերին Հնդկաստանում ընթանում է շախմատի պատանեկան (մինչեւ 16 տարեկան) Օլիմպիադան, որտեղ Հայաստանի թիմը պայքարում է մրցանակային տեղերի համար: Դեկտեմբերի 14-ից 17-ը գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կատովիցեում (Լեհաստան) հանդես կգա արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում: Մրցաշրջան-2017-ը շախմատիստների համար կավարտվի Սաուդյան Արաբիայում, որտեղ դեկտեմբերի 25-ից 30-ը, Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստների մասնակցությամբ կանցկացվի կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը՝ $ 2 մլն ռեկորդային մրցանակային ֆոնդով:

Մոռացված չէ նաեւ մասսայական շախմատը: Հերթական անգամ անցկացվեց շախմատի դպրոցականների Օլիմպիադա, որի առաջին եւ երկրորդ փուլերին մասնակցեց երկրի հանրակրթական դպրոցների մոտ 2000 աշակերտ: Երրորդ փուլը կկայանա 2018 թվականի մարտին, եզրափակիչը՝ մայիսին: Լավագույն թիմը կմասնակցի Սոչիում անցկացվելիք «Սպիտակ նավակ» դպրոցականների մրցաշարին: Այս տարի Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան Երեւանի թիվ 55 դպրոցը «Սպիտակ նավակում» արծաթե մեդալ է նվաճել:

Հայաստանում շախմատային լավ սերունդ է մեծանում. այս տարի Վահե Բաղդասարյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արման Միքայելյանը դարձան գրոսմայստեր, եւս վեցը՝ միջազգային վարպետ: Սա Հայաստանի շախմատի պատմության ամենաբարձր ցուցանիշն է:

Կազմակերպվեցին նաեւ ՖԻԴԵ-ի մարզչական եւ միջազգային սեմինարներ: ՖԻԴԵ-ի առաջատար մարզիչներից Աշոտ Վարդապետյանն անձամբ մրցավարական սեմինարներ անցկացրեց: Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկված էին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները սպասարկող մրցավարների շարքում: Աշոտ Նադանյանն արժանացել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչմանը:

2018 թվականը եւս հագեցած է լինելու: Հայաստանում կրկին միջազգային մրցաշարեր կանցկացվեն:

Առջեւում շախմատի Համաշխարհային օլիմպիադան է եւ կանանց ու տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունները: Սակայն, գլխավոր միջոցառումը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարն է (մարտի 10-28): Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամեն բան անելու է, որպեսզի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաջող հանդես գա Գերմանիայի մայրաքաղաքում եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագի համար մենամարտի երկար սպասված իրավունք նվաճի», – ասաց Միքայել Անդրիասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031