Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ տարի Հայաստանում՝ այդ կենտրոնում, կանցկացնենք զորավարժություններ». Լևոն Այվազյան

Դեկտեմբեր 13,2017 16:05

Հայաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի 11-րդ շաբաթը: Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը տեղեկացրեց, որ տարին բավականին հարուստ էր իրադարձություններով. այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները ՀՀ-ՆԱՏՕ վստահության առաջին հիմնադրամի ստեղծման առիթով:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին երախտագիտություն հայտնեց ՀՀ-ին՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. «Երախտապարտ ենք ՀՀ-ին 121 խաղաղապահ զինվոր Աֆղանստանում և 35 զինվոր Կոսովոյում ունենալու համար: Հաշվի առնելով, որ ՀՀ-ն փոքր պետություն է, այսպիսի ներդրումը շատ բարձր է գնահատվում»:

Նա տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ՀՀ գործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով: Մի շարք գործողություններ են իրականացվում, որոնք վերաբերում են պատշաճ կառավարման ոլորտին, «Բարեվարքության կառուցում» ծրագրի շրջանակներում փորձում են աջակցել անվտանգության, պաշտպանության ոլորտին: Ռոզարիա Պուգլիսին նաև նշեց «Կրթություն պաշտպանության ոլորտում» ծրագիրը, որով փորձում են օժանդակել ՀՀ կրթական հաստատություններին:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են առաջարկել փորձագիտական ծառայություններ Հայաստանին. «Մասնավորապես նման պատրաստակամություն ունեն հատկապես այն պետությունները, որոնք փորձառու են զինված ուժերի պառլամենտական վերահսկողության ոլորտում, օրինակ՝ Միացյալ Թագավորությունը: Մեր նպատակն է կարողանալ տեղեկացնել կամ փորձում կիսվել, թե ինչպես պետք է իրականացվի զինված ուժերում պառլամենտական վերահսկողությունը: Այդ պատճառով Գերմանիայի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա կայցելի Հայաստան»:

Հարցին՝ ԱՄՆ-ի ՊՆ-ի միջոցներով Զառ գյուղում կառուցվող խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնն ի՞նչ նոր հնարավորություններ կբացի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը պատասխանեց. «Կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Հեռահար նպատակ ունենք. ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ: Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք և դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն: Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»:

Հարցին՝ ՀՀ ՊՆ-ում ի՞նչ են մտածում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր քննարկելու առումով, մանավանդ Վրաստանի օրինակը կա, որը Ֆրանսիայից ՀՕՊ միջոցներ, ԱՄՆ-ից հակատանկային հրթիռներ է ստանում, պարոն Այվազյանը պատասխանեց. «Եվրոպացի գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Սահմանափակումները չեն նշանակում, որ դաշտն ամբողջությամբ փակ է և հնարավոր չէ ծրագրեր իրականացնել: Ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում միայն զենք, զինամթերք գնելով. տարբեր երկրների հետ ունենք տեխնոլոգիական համագործակցություն, համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»:

Հարցին՝ ի՞նչ մարտահրավերներ կան ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, Ռոզարիա Պուգլիսին պատասխանեց. «Որեւէ մարտահրավեր չեմ տեսնում: Կայուն և վստահելի հարաբերություններ ունենք: Եվ դա նշանակում է, որ մենք գիտենք, թե ՀՀ-ն ինչ է ուզում ու գոհ ենք դրանից: ՆԱՏՕ-ՀՀ համագործակցությունը հարմարեցված է ըստ իշխանությունների կողմից ներկայացված կարիքների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031