Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակված ռազմավարությունը նպատակ ունի լուծել տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները. Ա. Գևորգյան

Դեկտեմբեր 13,2017 15:36

Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրներ, ծերացման հետևանքների հաղթահարում, սոցիալական օգնականի ծառայության ներդրում. Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Ըստ պատասխանատուի՝ բնակչության ծերացումը գլոբալ, անխուսափելի գործընթաց է, որը լրջագույն ազդեցություն է թողնում սոցիալական ապահովության, սոցիալական և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացի վրա: Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները ՀՀ կառավարության կողմից ճանաչվել են որպես գերակա ուղղություն: 2017թ. մարտի 17-ին ընդունվել է «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունն ու դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է տարեց մարդկանց համար ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը:

«Նախարարության կողմից մշակված ռազմավարությունը նպատակ ունի լուծել տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները, որոնք բաժանված են մի քանի խմբերի. համայնքային կյանքին մասնակցություն, սոցիալական ներառում, այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրում, առողջապահական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն, աշխատանքի և զբաղվածության խնդիրների լուծում, կրթության ապահովում կյանքի ողջ ընթացքում, բնակարանային պայմանների բարելավում, տարեց ունեցող ընտանիքին աջակցություն: Այս բոլոր միջոցառումները նախատեսված են ռազմավարության գործողությունների ծրագրում, որոնք կիրագործվեն առաջիկա 5 տարիների ընթացքում»,- պարզաբանել է Անահիտ Գևորգյանը:

Պատասխանատուն անդրադառնալով տարեցների ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծել է, որ լուծման գործընթացում մեծ կարևորություն ունի միջոլորտային սերտ համագործակցությունը: «Այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամները տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ են: Յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում իրականացվող քաղաքականության և ծրագրերի մեջ հաշվի է առնում ծերացման խնդիրները և տարեցների օրինական շահերը: Իրագործվող ծրագրերի շնորհիվ հնարավորության դեպքում ապահովում ենք տարեցների ներառումը հասարակություն, ստեղծում՝ համապատասխան պայմաններ առողջ ու ակտիվ ծերացման համար»,-փաստել է Անահիտ Գևորգյանը:

Խոսելով տարեցների փորձառության ու ներուժի օգտագործման կարևորության մասին՝ Անահիտ Գևորգյանը նշել է, որ այն չի կարելի անտեսել և անհրաժեշտ է օգտագործել երկրի զարգացման գործում: «Կարևորելով տարեցների սոցիալական ներառումը և աշխատաշուկայում երկար մնալու անհրաժեշտությունը նախարարությունը որոշակի օրենսդրական փոփոխություններ է կատարել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ հանդիպումներ և քննարկումներ են եղել գործատուների, արհմիությունների, զբաղվածության տարածքային մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նպատակը՝ աշխատանքը կորցրած կամ ազատված տարեցների համար, ովքեր դեռ հնարավորություն ու ցանկություն ունեն աշխատելու վերապատրաստման դասընթացների ու վերամասնագիտացումների միջոցով նրանց ընդգրկելն է աշխատաշուկա և աշխատանքով ապահովելը:

Հարցին, թե արդյոք գործատուները շահագրգռված կլինեն ընդունել տարիքն առած կենսաթոշակառու աշխատակիցների, տիկին Գևորգյանը պատասխանել է, որ իհարկե առաջին հայացքից գործատուն նախընտրում է երիտասարդ ու ավելի ակտիվ կադրերի, սակայն կան աշխատատեղեր, որտեղ երիտասարդները չեն համաձայնվում աշխատել ցածր աշխատավարձի կամ համապատասխան մասնագիտական ունակություններ չունենալու պատճառով:

Առ այսօր օրենսդրական բացի պատճառով կենսաթոշակառու տարիքի աշխատունակ անձինք չեն կարողացել դեռևս զբաղվածության տարածքային մարմիններում հաշվառվել որպես աշխատանք փնտրողներ, հետևաբար չեն օգտվել նաև նախատեսված վերապատրաստման դասընթացներից: Ընդունված ռազմավարության գործողությունների ծրագրից ելնելով 2018թ. նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հիմք կհանդիսանան տարեցներին ևս հաշվառել որպես աշխատանք փնրողներ և նրանց ընդգրկել զբաղվածության պետական ակտիվ ծրագրերում:

Այնուհետև տիկին Գևորգյանը խոսել է տարեցներին տրամադրվող այսօրյա ծառայությունների մասին: Ըստ նրա, ներկայում տարեցներին տրամադրվում է խնամքի և սպասարկման երեք տիպի ծառայություն՝ տուն-ինտերնատներ, տնային պայմաններում խնամվող տարեցներ և բարեգործական ճաշարաններ: Ծառայություները զարգացնելու և ավելի հասցեական դարձնելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը և մշակվել մի քանի մոդելներ՝ փոքր ընտանեկան տիպի խնամքի համայնքային տներ, ցերեկային կենտրոններ, սոցիալական օգնականի ծառայություն: Մշակված մոդելները նախատեսվում են իրականացնել 2018-2019թթ.: Սկզբնական շրջանում կներդրվեն փոքր ծավալով, այնուհետև կընդարձակվեն:

«Նոր մոդելների և այլընտրանքային ծառայությունների տրամադրման համար պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում: Մենք նախատեսում ենք իրագործել դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների օգնությամբ: Ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերն իրականացվում են դոնորների աջակցությամբ: Մեր նպատակն է նաև հասարակության մեջ արթնացնել այն գիտակցությունը, որ, ունենալով մեծ ֆինանսական միջոցներ, պետք է որոշակի մասհանում կատարել և տարեցների համար իրագործել փոքրիկ սոցիալական ծրագրեր»,-հավելել է պատասխանատուն:

Անդրադառնալով սոցիալական օգնականի ծառայության ներդրման գործընթացին՝ Անահիտ Գևորգյանը այն համարել է տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող հավելյալ ու անհրաժեշտ ծառայություն: «Երբ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձը գտնվում է ժամանակավոր դժվարության կամ վատառողջ վիճակում, սոցիալական օգնականը մշտապես նրա կողքին պետք է լինի՝ հոգալու համար ոչ միայն նրա կենցաղային, առողջապահական խնդիրները, այլև, անհրաժեշտության դեպքում, պաշտպանի նրա իրավունքները»,-ամփոփելով՝ նշել է պաշտոնյան:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031