Երեկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանային խնդիրը լուծելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրեց գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների։ Աջակցությունը տրամադրվեց Շիրակի մարզպետարանի խնայողությունների հաշվին՝ կառավարության որոշմամբ։
Շիրակի մարզպետը նշեց, որ այսօրվա դրությամբ գյուղական բնակավայրերում կա երկրաշարժից անօթևան 162 ընտանիք, որոնք դրամական փոխհատուցում չեն ստացել։ «Քանի որ միջոցները սուղ էին, ընտրեցինք այն համայնքները, որտեղ 1-2 կորուստ ենք ունեցել։ Ձեր գումարն է, ուզում եք կառուցեք, ուզում եք բարելավեք։ Ուզում եմ առիթը օգտագործելով՝ մեկ անգամ ևս ասել, որ այն լուրերը, թե պետությունը ձեռքերը լվանում է, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Հնարավոր ֆինանսական միջոցների շրջանակներում շարունակելու ենք պետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացումը»,-ասաց մարզպետը։
Անօթևան ընտանիքները Վահրամաբերդ, Ազատան, Մեծ Սարյար, Փոքրաշեն, Մեղրաշեն, Փոքրաշեն, Մեծ Մանթաշ, Կառնուտ համայնքներից են։ Նրանց մեծ մասը պատրաստվում է բնակարան գնել Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասում։ Այստեղ, ըստ էության, գներն ավելի մատչելի են ու բնակարանների մեծ մասը հանված են վաճառքի։ Շիրակի մարզպետարանը 4 սենյականոց ձեռք բերելու համար տրամադրել է 4 միլիոն 948 հազար դրամ, 3 սենյականոցի համար՝ 4 միլիոն 288 հազար դրամ և երկու սենյականոցի համար՝ 3 միլիոն 628 հազար դրամ։
Նրանցից մեկին՝ Վահրամաբերդի բնակիչ Սոս Ավագյանին աջակցություն տրամադրելիս՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը կատակեց՝ ասելով․ «Դու ամեն օր մարզպետարանում ես եղել», որին նա ուրախ արձագանքեց. «Այո, գյուղական լեզվով ասած՝ զզվեցրել էի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներին»։
Մեզ հետ զրույցում էլ նա ասաց, որ երկրաշարժին բնակարան է կորցրել Գյումրիում, որից հետո հաստատվել է Վահրամաբերդում։ Այստեղ էլ պարտք-տալիք անելով՝ հողատարածք է գնել այն նպատակով, որ «Գլենդել Հիլզը» տուն կկառուցի 7 ամսվա ընթացքում, կհանձնի կառավարությանը, կառավարությունն էլ կտրամադրի իրեն, սակայն շինարարական այս կազմակերպությունը լուծարվել է։ «1 ամիս առաջ մարզպետարանից զանգեցին, հայտնեցին ուրախալի լուր, որ տնտեսված գումարների հաշվին մեզ գումար են տալիս։ Ճիշտ է, ինձ հատկացվող գումարը 4 միլիոն 300 հազար է, լիարժեք բնակարան գնելու համար հնարավոր չէ, բայց ես մի սենյակ պակաս կվերցնեմ, 3 սենյականոցի փոխարեն 2 կվերցնեմ»։
Մեր զրուցակիցն ասաց՝ ըմբռնումով է մոտենում, որ 29 տարի անց նոր են իր անօթևան ընտանիքին բնակարան ձեռք բերելու գումար տալիս։ Նա ասաց, որ հարկադրաբար է բնակարան գնում, որ փողը հանկարծ չծախսվի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ